Յուրա Մովսիսյան. «Հայաստանի հավաքականի ապագան լուսավոր է և անամպ»
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Gazeta.ru-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցում խոսել է ազգային ընտրանու հաջողությունների մասին, պատմել է, թե ինչպես է անցկացրել հանգիստը, գնահատել է վերջին օրերի ռուսաստանյան խոշոր տրանսֆերները, ինչպես նաև խոստովանել, որ կարոտում է կրասնոդարյան իր սիրելի խորովածանոցը:
«Զգացի, որ կարող եմ գոլի հեղինակ դառնալ և նետվեցի առաջ»
- Յուրա, մեր անձնակազմի անունից շնորհավորում ենք քեզ` աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Դանիայի հավաքականի հետ խաղում դուբլի հեղինակ դառնալու առիթով:
- Շնորհակալություն: Դա միշտ էլ հաճելի զգացողություն է, երբ առանձնանում ես հավաքականում, այն էլ` 2 անգամ: Կոպենհագենում գոլ հեղինակելն անչափ բարդ է, և ես երջանիկ եմ, որ դա մեզ հաջողվեց:
- Առաջին գոլը հեղինակեցիք հանդիպման 26-րդ վայրկյանին: Անհավանական արագություն էր:
- Օզբիլիսը լավ աշխատեց: Նա հիանալի փոխանցում կատարեց, և ես դարձա գոլի հեղինակ: Ինձ դուր է գալիս գոլ խփել նման ոճում:
- 2-րդ գոլի դրվագում Օզբիլիսը կրկին մասնակցեց գրոհին:
- Այո, Արազը գնդակն ուղարկեց տուգանայինի գոտի և ես զգացի, որ կարող եմ գոլի հեղինակ դառնալ և առաջ նետվեցի` խաղընկերներիցս շուտ հայտնվելով անհրաժեշտ տեղում: Մնացածն արդեն տեխնիկայի հարց էր:
«Մինասյանն իզուր չի տանջվում Հայաստանի հավաքականի հաջողության համար»
- Ամեն ինչ այդ խաղում լավ էր, սակայն դրանից առաջ դուք զիջեցիք Մալթայի ընտրանուն, ինչը հիասթափեցրեց երկրպագուներին: Ունե՞ք բացատրություն:
- Ծանր արդյունք էր և անսպասելի: Պատճառները շատ են, սակայն հիմնականն այն է, որ թերագնահատեցինք մրցակցին:
- Այդ խաղից հետո զրուցե՞լ եք գլխավոր մարզչի հետ:
- Մանրամասն քննարկել ենք այդ հանդիպումը, սակայն զրույցի բուն բովանդակությունը թող գաղտնի մնա, ներողություն:
- Ինչպե՞ս կգնահատեք Վարդան Մինասյանի համատեղ աշխատանքն ազգային հավաքականում և «Փյունիկում»:
- Կարող եմ ասել, որ հավաքականում տեսնում եմ միայն առաջընթաց: Ես շատ գոհ եմ Վարդան Մինասյանի կատարած աշխատանքից և նրան համարում եմ ոչ միայն փայլուն մասնագետ, այլև հիանալի մարդ: Յուրաքանչյուրը, ով գլուխ է հանում ֆուտբոլից, հասկանում է, որ Մինասյանն իզուր չի տանջվում Հայաստանի հավաքականի հաջողության համար:
- Հաշվի առնելով այս ամբողջ խոսակցությունը` ի՞նչ ապագա է սպասվում Հայաստանի հավաքականին:
- Այն ինձ թվում է լուսավոր և անամպ: Մենք աստիճանաբար զարգանում ենք և աշխատում ենք մեզ վրա: Նախորդ տարին շատ բարդ էր մեզ համար, քանի որ վնասվածքները շատ էին: Հիմա անհրաժեշտ է աճել ու զարգանալ և ամեն ինչ լավ կլինի:
«Երկրպագում եմ «Ռեալին» և «Սոլթ-Լեյք-Սիթիին»
- Միշտ էլ տխրում ես, երբ վերջանում է արձակուրդը: Ինչպե՞ս ես անցկացրել հանգիստդ:
- 6 օրով մեկնել եմ Ամերիկա և հետո վերադարձել եմ հավաքական: Դրանից հետո կնոջս հետ այցելել եմ Միլան և այնտեղ անցկացրել 4 օր: Զբոսնել ենք քաղաքում, շրջել խանութներով: Կարճ ասած` մինի հանգիստ ստացվեց:
- Վերջերս ավարտվեց բասկետբոլի փլեյ-օֆֆի եզրափակիչ հատվածը: Ո՞ւմ էիք երկրպագում` Լեբրոն Ջեյմսին, թե Թոնի Պարկերին:
- «Երկրպագում եմ «Լոս Անջելես Լեյքերսին»: Քոբի Բրայանտն իմ կուռքն է: Բայց եթե ընտրեմ այս զույգից, ապա նախապատվությունը կտամ «Մայամիին»:
- Իսկ Սթենլիի գավաթի «Չիկագո»-«Բոսթոն» եզրափակչին հետևո՞ւմ եք:
- Անկեղծ ասած, հոկեյի մեծ երկրպագու չեմ: Այնուամենայնիվ, սիրում եմ «Ռեալին» և «Սոլթ-Լեյք-Սիթիին»:
«Ծխելու արգելքը համարում եմ ճիշտ»
- Կենցաղային ինչպիսի՞ իրեր Ձեզ չեն բավականացնում Ռուսաստանում:
- Նման բան չկա: Ամեն ինչ լավ է: Կարոտում եմ բարեկամներից և ընկերներիս, ովքեր գտնվում են Միացյալ Նահանգներում: Կարոտում եմ նաև ամերիկյան արևը:
- Լսե՞լ եք հասարակական վայրերում ծխելու արգելքի մասին:
- Այո և շատ ուրախ եմ: ԱՄՆ-ում չի կարելի ծխել ռեստորաններում, սրճարաններում և հասարակական այլ վայրերում: Կարծում եմ` դա ճիշտ օրենք է: Հատկապես` չծխող մարդկանց համար, ինչպիսին ես եմ:
- Խոսենք հայկական խոհանոցի մասին: Հասցրե՞լ եք մայրաքաղաքում այցելել Ձեր սիրած վայրերը:
- Մոսկվայում շատ տեղեր եմ եղել, սակայն դեռ չունեմ սիրած վայր: Իսկ ահա Կրասնոդարում հաճախ էի այցելում մի ռեստորան, որը կրում էր «Խորովածանոց համար մեկ» անվանումը: Այդ վայրը շատ եմ սիրում, սակայն կարոտում եմ ոչ թե ուտեստները, այլ մարդկանց, ում հետ աշխատել եմ Կրասնոդարում:
«Միայն չեմպիոնություն»
- Ի՞նչ եք մտածում «ՈՒՖԱ»-ի հետ կայանալիք ընկերական հանդիպման մասին:
- Հարկավոր է հանգստից հետո հավաքվել և լավ սկսել նոր մրցաշրջանի նախապատրաստությունը:
- Հոգեբանորեն ի՞նչ վիճակում է «Սպարտակը»:
- Թիմում տիրում է հիանալի մթնոլորտ: «Սպարտակ» են տեղափոխվել նոր ֆուտբոլիստներ, ուստի, վստահ եմ, մեզ սպասվում է շատ հետաքրքիր մրցաշրջան:
- Նոր մրցաշրջանի համար դրված նպատակ արդեն կա՞:
- Միայն չեմպիոնություն:
- Թիմ է եկել «Վալենսիայի» կենտրոնական կիսապաշտպան Տինո Կոստան: Արգենտինացին լա՞վն է:
- Նրա մասին շատ լավ խոսքեր եմ լսել: Տինոն լավ տպավորություն է թողել և պատրաստ է պայքարի: Ճիշտ է, նա խոսում է միայն իսպաներեն ու ֆրանսերեն, ուստի չենք կարողանում ավելի լավ շփվել:
- Ի՞նչ կասեք Դենիս Գլուշակովի տեղափոխության մասին: Զարմանալի չէ՞ր:
- Մեզ համար անակնկալ չէր, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է հանդես գալ «Սպարտակի» կազմում: Դենիսը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և նա կարող է օգնել մեզ` նվաճել երկրի չեմպիոնի կոչումը:
- Եվ վերջին հարցը: «Սպարտակը» նոր մրցաշրջանում հանդես կգա 4 աստղանի մարզաշապիկով: Արդարացի՞ է:
- Ինչու ոչ: «Սպարտակը» ժողովրդական թիմ է, որը Ռուսաստանում ամենաշատն է նվաճել չեմպիոնի կոչումը: Պետք չէ մոռանալ պատմությունը: