Սանահինի վանական համալիրում հսկողություն չի եղել… «Եկեղեցին քայքայվում է»
Սանահինի եկեղեցու գմբեթին աճած հաստատուն ծառերը վկայում են այն մասին, որ այնտեղ հսկողություն չի եղել: Ասուլիսում նման դիտարկում արեց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյան: Ըստ նրա, այս խնդիրը շատ պարզ լուծվող է. ժամանակ առ ժամանակ որոշակի լուծույթով մաքրել: «Իհարկե, գեղեցիկ է, բայց չի կարելի այդ քանակությամբ թողնել: Դա վնասում է սալերը, ինչի հետևանքով ջուրը թափանցնում է ներս ու քայքայում կառույցը, առաջանում են ճաքեր: Պետք է հսկողություն լինի, որպեսզի երկարի ծածկասալերի կյանքը »,- ասաց ճարտարապետը:
Մ. Մինասյան նշեց, որ կա օրենք, որին պետք է ենթարկվեն բոլորը. եթե շինությունը սեփականատեր ունի, սեփականատերը պետք է իրականացնի հսկողություն, պահպանություն. «Հաստատուն ծառերի ներկայությունը վկայում է այն մասին, որ ծառերը չեն մաքրվել: Նշենք, որ այս դեպքում խոսքը Հայ Առաքելական եկեղեցու մասին է. Սանահինի վանական համալիրը հանձնված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը:
«Փրկենք Սանահինի եկեղեցին կործանումից» նախաձեռնության անդամ, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանն իր խոսքում նշեց, որ այսօր հուշարձանի ամբողջականության պահպանման խնդիրը հարցականի տակ է. «Սանահինի եկեղեցու գմբեթն այնպիսի վիճակում է, որ այսօր քարեր են թափվում: Եկեղեցին գտնվում է թույլ վիճակում, կարող է մի քանի տարի անց ունենանք ոչ թե մասնակի վերականգնման, այլ ամբողջական վերականգնման խնդիր»: Նա տեղեկացրեց, որ նախաձեռնության անդամները առաջիկայում Սանահինի վերականգմանն աջակցող հիմնադրամ են ստեղծելու: Ըստ նրա, նման հուշարձանի պահպանումը միայն պետության գործառույթը չէ ու պետք է յուրաքանչյուրը ձեռնամուխ լինի այդ գործին: Գ. Մելքոնյանն ասաց, որ 2016 թվականին նշվելու է Սանահինի վանքի, Մագիստրոսի դպրոցի 1050- ամյակը ու «պետք է դիմավորենք այպիսի վիճակում, որ լինի ամուր, վերականգնված»:
Հիշեցնենք, որ 2010թ-ին Սանահին կատարած այցի ժամանակ Տ.Սարգսյանը հանձնարարել էր մշակույթի նախարարությանը ստանձնել վանական համալիրի ամրակայման աշխատանքները: Անցած տարի` 2012թ-ին համալիրի Սրբ. Աստվածածին և Սրբ. Ամենափրկիչ եկեղեցիների, ինչպես նաև Գրիգոր Մագիստրոս ճեմարանի վերականգնման-ամրակայման համար պետբյուջեից հատկացվել էր 18 մլն դրամ: Ընթացիկ տարում համալիրի վերականգնման համար պետբյուջեից հատկացվել է 22 մլն 500 հազար դրամ:
Նշենք, որ Սանահինի վանական համալիրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում (1996 թ):
Վանական համալիրի հիմնադիրն է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966 թ.։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական գերեզմանատուն-դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև XIդ. կեսը)։ X-XI դդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց` հարուստ գրադարանով: XIIդ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։ Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին` մատուռը:
Նախորդող նորություններ՝
Վարչապետ. Հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ինչպես են պահպանվում հուշարձանները
«Արևիկ, կարող ես գրել` այստեղ եղել է Արևիկը…». Վարչապետը` փոխնախարարին...ի՞նչ է արվել Սանահինում, ինչպե՞ս փրկել հուշարձանը
Սանահինի վանական համալիրի շինությունների վերականգնման-ամրակայման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա երրորդ եռամսյակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան