«Կար մի պահ, որ ընդամենը մեկ-երկու լույս էր շենքում վառվում, հիմա մի քիչ լավացել է վիճակը». չարենցավանցիք վերադառնում են
Չարենցավանում երեխաների մանկապարտեզ ընդունվելու հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում` մանկապարտեզի խմբերը ստիպված են լինում չափորոշիչների հակառակ ընդունելություն անել: Այսինքն, եթե թույլատրվում է առնվազն 30 երեխա մեկ խմբում, այսօրվա դրությամբ երեխաների թիվը խմբում 38-40 է: Այս մասին Panorama.am-ին ասաց Չարենցավանի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի գլխավոր մասնագետ Շողակաթ Մելտոնյանը:
Սակայն զուր շուտ ուրախացանք, ենթադրելով, թե ծնելիության մակարդակն է այդքան լավացել Չարենցավանում: Պարզվեց, որ Չարենցավանում գործում է հինգ մանկապարտեզ, բայց միայն թիվ 6 մանկապարտեզում է այդ վիճակը, քանի որ քաղաքի միկրոթաղամասը չունի մանկապարտեզ և այդ երեխաներին ծնողները տեղավորում են թիվ 6 մանկապարտեզում. «Այս մանկապարտեզում գործում է ընդամենը երեք խումբ 12 խմբի փոխարեն: Ու ստացվում է այնպես, թե կարծես երեխաներն են շատ, բայց դա այդպես չէ` մանկապարտեզներն են քիչ»,- նշեց մեր զրուցակիցը:
Սակայն տիկին Մելտոնյանը նշեց նաև, թե Չարենցավանում վերջին շրջանում, այդուհանդերձ, բնակչության ավելացում եղել է, ինչը բացատրվում է մի քանի հանգամանքներով. Նախ, շատերը Երևանից տեղափոխվել են Չարենցավան, քանի որ բնակարանը մատչելի է այս քաղաքում, մայրաքաղաքին էլ` մոտ: Բացի այս, հոսքը նկատելի է նաև շրջակա գյուղերից, ինչպես նաև եղել են այնպիսի դեպքեր, երբ արտերկրից են վերադարձել.
«Իսկապես մեզ մոտ բնակչության ավելացում կա ու ես ինքս շատ ուրախ եմ դրա համար, մանավանդ երբ երեկոյան տեսնում եմ, որ մեր շենքում ինչքան շատ լույս է վառվում: Կար մի պահ, որ ընդամենը մեկ-երկու լույս էր վառվում, հիմա մի քիչ լավացել է վիճակը»,- պատմեց նա:
Որ վերադառնում են իհարկե լավ է, բայց կարողանում է արդյող քաղաքը լուծել բոլորի զբաղվածության խնդիրը: Շ.Մելտոնյանի խոսքով, զբաղվածության խնդիրը, ինչպես և ամբողջ հանրապետությունում, այստեղ էլ շարունակում է խնդիր մնալ: Հիմնական աշխատատեղերը Չարենցավանում գործող գործարաններում են, բայց օրինակ երբ ջրերի գործարանը փակվեց, ասաց նա, շատ մարդ մնաց առանց աշխատանքի, ինչը ցավալի է.
«Եթե անձնական հարցեր ունեն պետք չէ, որ դրանից տուժի ժողովուրդը...ամեն դեպքում դա ճիշտ չէ: Մանավանդ, որ Չարենցավանը գործարաններից բացի ոչինչ չունի` ոչ գյուղատնտեսություն, ոչ անասնապահություն, միայն գործարաններն են»,-ասաց նա ու հավելեց, որ այդուհանդերձ այն, որ մարդիկ վերադառնում են, ուրախալի փաստ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները