ՄԱԿ-ը չունի ապացույցներ, թե ովքեր են քիմիական զենք կիրառել Սիրիայում
ՄԱԿ-ը չունի բավարար ապացույցներ, որպեսզի Սիրիայում քիմիական զենքի կիրառման համար պատասխանատու համարի երկրի իշխանությանը կամ ապստամբներին: Այս մասին «Իտար-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհդրի նիստից հետո հայտարարել է Սիրիայում մարդու իրավունքների խախտման հետաքննության հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի ղեկավար Պաուլու Պինեյրուն:
«Մենք չենք կարող ասել, թե ով է կիրառել քիմիական զենք»,- հայտարարել է Պ. Պինեյրուն՝ ավելի շատ մտահոգություն արտահայտելով դեպի Սիրիա թունավոր նյութերի մատակարարման հետ կապված: Նա դժգոհություն է արտահայտել, որ հանձնաժողովի անդամները մուտք չունեն Սիրիա:
«Այս պայմաններում շատ դժվար է գնահատել իրավիճակը: Եղած պնդումների առումով վստահ չենք, որ կարող ենք որևէ եզրակացություն անել: Չենք կարող ասել, թե դա ինչ զենք է եղել, ինչ քիմիական նյութեր, ով է դրանք կիրառել և ինչպես են դրանք մատակարարվել: Չենք կարող որևէ հստակ բան ասել»,- իր հերթին նշել է ՄԱԿ-ի հանձնաժողովի անդամ Քարեն Աբուզաիդը: Վերջինս նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն իրենց չի տրամադրել Սիրիայում թունավոր նյութերի կիրառման ապացույցներ:
«Նրանք խոսել են այդ մասին, սակայն չեն տրամադրել որևէ ապացույց»,- հավելել է Ք. Աբուզաիդը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները բազմիցս փոքր ծավալներով ընդդիմության դեմ կիրառել են քիմիական զենք: Այդ մասին ապացույցներ ունենալու վերաբերյալ հայտարարել են նաև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Իր հերթին Սիրիայի իշխանությունները նման մեղադրանքներ են հասցեագրել ընդդիմությանը: Պաշտոնական Մոսկվան կասկած է հայտնել Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենք կիրառելու կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու