ԲՆ-ում աշխատում են գայլերին սպանելու վերաբերյալ նախագծի վրա. Երկու շաբաթից այն հնարավոր է իրավական ուժ ստանա
Վերջին մի քանի ամսում Կոտայքի, Լոռու, Արագածոտնի մարզերում գայլերի զոհ են դարձել մի քանի հարյուր ոչխար: Վերջին թարմ դեպքը Կոտայքի մարզում էր, երբ գայլերը հոշոտել ու վնասել էին Քալաշյանների ընտանիքին պատկանող սարում գտնվող 280 ոչխարներից 250-ին:
Նախորդ տարի օրինակ, փետրվարից քաղաքացիները կարող էին օրինական կերպով գայլ սպանել, ավելին դրա դիմաց նաև 100 հազար դրամին համարժեք պարգև ստանալ: Կառավարության այդ որոշումն այս տարվա ապրիլին ուժը կորցրած է ճանաչվել, իսկ նորը դեռ ուժի մեջ չի մտնել:
Կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը Panorama.am-ին ասաց, որ կառավարության որոշման նախագիծը մշակվել է, այն տարբեր շահագրգիռ գերատեսչությունների հետ համաձայնեցման փուլում է:
«Հսկայական գումարի մասին է խոսքը, նախատեսվում է ևս 200 գայլ սպանելու թույլտվություն»,-ասաց Աղասյանը:
ԲՆ պաշտոնյայի հաշվարկներով, 2 շաբաթ անց այն հնարավոր է իրավական ուժ ստանա: Նախարարությունում աննախադեպ են համարում, որ ամռան ընթացքում գայլերը կարող են նման վնաս հասցնել:
«Դա հիմնականում լինում է ձմռանը, ձյան ծածկույթի առկայության պայմաններում, գայլերի բազմացման շրջանում, երբ բնության մեջ կերը պակասում է, գալիս են բնակավայրեր: Այս դեպքերից հետո աշխատանքները կշարունակվեն»,-ասաց նա:
Մասնագետը նշում է, որ գայլ սպանելն այնքան էլ հեշտ բան չէ, 10-20 որսորդ հազիվ է կարողանում մեկ գայլ սպանել, բայց նախորդ տարի 198 սպանված գայլերի պատմությունը ցույց տվեց, որ բոլորը բնակավայրերին են մոտեցել:
«Հովիվը կամ բնակիչն իր տան պատուհանից գայլ է խփում»,-ասաց Աղասյանը:
Նրա խոսքով, Հայաստանում մշտապես լինում է 600-800 գայլ, ավել չեն էլ կարող լինել բնական էկոհամակարգում, քանի որ նրանք խմբերով ֆիքսում են իրենց տարածքը:
«Երեկվա դեպքը ոչ թե գայլերն են մտել բնակավայր, այլ ոչխարներն են եղել գայլերի բնական տարածքներում` Գեղամա լեռնաշղթայում»,-ասաց Աղասյանը:
Մինչ որոշումը ուժի մեջ կմտնի, մասնագետը խորհուրդ է տալիս անպայման հովվաշներ ունենալ, որոնք գիշատիչներից կպաշտպանեն ընտանի կենդանիներին:
Տեսանյութը «Արմենիա» հեռուստաընկերությանն է:
Նախորդող հրապարակում`
Ոչխարների սպանդը շարունակվում է. Սիփանում գյուղացին 1.3 մլն դրամի վնաս է կրել