Արմավիրցիները ոտքի են կանգնել. Փոխնախարարը նրանց մոտ է շտապում
Արմավիրի մարզի մի քանի հարյուր գյուղացիներ նորից բողոքի ակցիա են անցկացնում: Shamshyan.com-ը փոխանցում է, թե Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյանի տարածաշրջան ընկած հատվածում 400-ից ավելի գյուղացիներ, ովքեր հիմնականում Արմավիրի մարզի Մյասնիկյան, Խանջյան և Նաիրի գյուղերի բնակիչներ են, բարձրաձայնում են, որ Գյուղնախարարության պաշտոնյաները իրենց խաբել են, նրանք փակել են ճանապարհը, սպառնում են, որ ոտքով գալու են Երևան և իրենց բողոքի ձայնը բարձրացնեն Կառավարության առջև, «քանի որ ծիրանը ամբողջովին ոտքի տակ կորում է՝ միայն այն բանի համար, որ ինչ-որ անձինք հրաժարվում են ընդունել գյուղացու աճեցրած բերքը և դրան զուգահեռ արգելում են, որ Վրաստանից ժամանած առևտրականները ծիրան տեղափոխեն Վրաստան»:
Panorama.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հայտնեց, որ այս պահին մեկնում է Արմավիրի մարզ` հասկանալու, թե ինչ են ուզում բնակիչները:
Անդրադառնալով հարցին, թե գյուղնախարարությունն իրոք արգելե՞լ է ծիրանի` Վրաստան տեղափոխումը, փոխնախարարը նշեց. «Որևիցե արգելք չկա, մենք խրախուսում ենք արտահանումը»: