Մ. Մինասյան. Հուշարձանների պահպանման խնդիրը «մշակույթի նախարարությունն իջեցրել է մինչև չորրորդ կարգի»
Հայաստանի պատմամշակութային հուշարձաների ավելի քան 80 տոկոսն այսօր ամրակայման, բարեկարգման խնդիրներ ունեն: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա դիտարկմամբ, այդքան մեծ թիվ է կազմում ոչ թե այն պառճառով, որ անուշադրության են մատնված, այլ «շատ են ու հնարավոր չէ բոլորն ապահովել»:
«Մշակույթի նախարարությունն այս խնդիրն իջեցրել է մինչև չորրորդ կարգի, երբ պետք է առաջին տեղում լիներ՝ հաշվի առնելով հուշարձանների բացառիկությունը մեր երկրի համար»,-ասաց Մ. Մինասյանը:
Խնդրի լուծման ճանապարհներից մեկը, ըստ Ճարտարապետների միության նախագահի, առանձին մի կառույցի ստեղծումն է, որտեղ ընդգրկված կլինեն միայն ճարտարապետներ, շինարարներ, ռեստավրատորներ: Նա օրինակ բերեց 1980-ական թվականներին նախարարների խորհրդին առընթեր ստեղծված Հուշարձանների պահպանման ու օգտագործման գլխավոր վարչությունը:
«Խորհրդային շրջանում մենք առաջինը նման կառույց ստեղծեցինք: Հավաքվել էին շինարարներ, ճարտարապետներ, ռեստավրատորներ: Ամեն շրջանն իր մասնագետն ուներ, քանի որ ամեն շրջանի համար հատուկ մոտեցում էր պետք»,- հիշեց Մ. Մինասյանը:
Այդ կառույցը գործել է տասը տարի ու, ըստ նրա, «ահագին բան արեցինք»:
Ճարտարապետների միության նախագահն ասեց, որ չորս տարի առաջ մի քանի հոգով դիմել են երկրի ղեկավարին՝ նման կառույց ստեղծելու առաջարկությամբ: «Ներկայացրեցինք բոլոր փաստարկները: Այդ ժամանակ նախագահն ասաց, որ առանձին կազմակերպություն ստեղծելու հնարավորություն դեռևս չունեն, բայց մշակույթի նախարարության մեջ միայն այդ հարցերով զբաղվող մասնագիտական ուղղություն կարելի է անել: Հիմա կա, բայց նվազ է իր հնարավորություններով»,- մտահոգություն հայտնեց Մ. Մինասյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում կա 24 հազար 500 մշակութային հուշարձան, որից 18 հազարը պետության (կառավարություն, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի) տնօրինության տակ գտնվում, իսկ մնացածն ունեն սեփականատերեր: Հուշարձանների 40 տոկոսը հանրապետական, 60 տոկոսը տեղական նշանակության են: