Պռոշյանի գյուղապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում հուլիսի 14-ին կայանալիք գյուղապետի արտահերթ ընտրություններում առաջադրվել է հինգ թեկնածու: Նախօրեին ավարտվել է առաջադրումների ժամկետը և այս պահի դրությամբ առաջադրված թեկնածուներն են` ինքնաառաջադրված անկուսակցականներ Ալեքսան Ալեքսանյանը, ով աշխատում է ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն ընկերությունում, «Դելիկտ» ՍՊԸ տնօրեն Ցոլակ Գրիգորյանը, Պռոշյանի գյուղապետարանի աշխատակից Գալուստ Մկրտչյանը, ինքնաառաջադրված, բայց ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը, ով որպես թեկնածու համայնքապետի նախորդ ընտրություններում ևս մասնակցում էր և ՀՅԴ-ի կողմից առաջադրված Վովա Սահակյանը:
Նույն օրը ընտրություններ են կայանալու նաև Շիրակի մարզի Հովիտ համայնքում. այստեղ առաջադրված երկու թեկնածուներն են` ինքնաառաջադրված Ռազմիկ Հակոբյանը և ՀՀԿ-ից առաջադրված Ավետիք Մեսրոպյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին հենց գյուղապետարանի դիմաց: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հրամանով գյուղապետի պաշտոնակատար էր նշանակվել պռոշյանցի Արմենուհի Մելքոնյանը, ով նաև գյուղի դպրոցի կառավարման խորհրդի անդամ է: Սակայն պռոշյանցիները նրան թույլ չտվեցին մուտք գործել գյուղապետարան, և նա ստիպված հրաժարական տվեց:
Պռոշյան vs Կովալենկո Շահգալդյան. Պռոշյանում առճակատումը շարունակվում է
Պռոշյանում ընտրական թեժ վիճակ է սպասվում. Մտադիր է առաջադրվել ՀՀԿ-ական նախկին թեկնածուն
Պռոշյանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարական է տալիս