Տեղական վառելիքահումքային ռեսուրսները չունեն արդյունաբերական նշանակություն էներգետիկայի զարգացման համար
Հայաստանում էներգետիկ արդյունաբերության զարգացման հեռանկարները գնահատելիս, նախքան այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների ներուժին ծանոթանալը, ճիշտ կլիներ ներկայացնել նաև տեղական վառելիքահումքային ռեսուրսների ներուժը: Այդ ռեսուրսներից են՝ ածուխը, տորֆը, այրվող թերթաքարերը, ինչպես նաև նավթը և գազը:
Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների համաձայն ներկայումս պինդ վառելիքաէներգետիկ (կաուստոբիոլիտներ) հումքային ռեսուրսներից հայտնի են` ածխի, այրվող թերթաքարերի և տորֆի մի քանի տասնյակ հանքավայրեր և երևակումներ, որոնցից որոշակի հետաքրքրություն են ներկայացնում Իջևանի, Ջաջուռի, Շամուտի և Ջերմանիսի ածխի հանքավայրերը, Մասրիկի տորֆի հանքավայրը, Անտառամուտի ածխի երևակումը և Դիլիջանի ածխի, ածխային և այրվող թերթաքարերի հանքավայրը:
Ջաջուռի (հետախուզված և նախնական գնահատված պաշարները միասին 580 հազ. տ, կանխատեսումային պաշարները 200 հազ. տ), Ջերմանիսի (նախնական գնահատված պաշարները 72 հազ.տ և կանխատեսումային պաշարները 320 հազ.տ), Շամուտի (հետախուզված և նախնական գնահատված պաշարները 3.6 մլն.տ) և Անտառամուտի (պաշարները 5.5 մլն.տ) գորշ ածխի հանքավայրերը բնութագրվում են ածուխների ցածր որակով` բարձր մոխրայնությամբ և այրման ցածր ջերմատվությամբ, ածխաշերտերի ըստ անկման և տարածման փոքր չափսերով, ոչ կայուն հզորությամբ, պաշարները քիչ են և հանքավայրերը չունեն արդյունաբերական նշանակություն: Վարդենիսի (Մասրիկի) տորֆի հանքավայրի պաշարները կազմում են 330.հազ. տ, որոնք օգտագործվում են որպես վառելիք և պարարտանյութ: Համեմատաբար մեծ պաշարներ ունեն Դիլիջանի ածխի, ածխային և այրվող թերթաքարերի (կանխատեսումային պաշարները` 114.2 մլն.տ) և Իջևանի քարածխի (նախնական գնահատված պաշարները 9.8 մլն.տ, կանխատեսումային պաշարները մոտ 80 մլն.տ) հանքավայրերը: ԼՂՀ-ում շահագործվում է Մաղավուզի քարածխի հանքավայրը, որի պաշարները կազմում են մոտ 4 մլն տոննա: Այս հանքավայրի քարածուխը նախատեսված է Երևան ՋԷԿ-ի ածուխ-ջուր վառելիքի ստացման տեխնոլոգիայով էլեկտրաէներգիա ստանալու համար:
Ինչպես նշեցինք, որոշակի հետաքրքրություն է ներկայացնում Իջևանի քարածխի հանքավայրը, որն ունի առավել մեծ պաշարներ, ներկայացված է հզոր շերտերով և համեմատաբար բարձր որակով: Քարածխի պաշարների մի մասը, որոնք կոքսացվող ածուխներ են մոտ 4 մլն. տոննա պաշարով, կարող են հեռանկարում օգտագործվել սև մետալուրգիայում: Լեռնաերկրաբանական պայմանները բարենպաստ են բաց եղանակով մշակելու համար, սակայն շահագործումը և արդյունահանումը բաց եղանակով բնապահպանական նկատառումներից ելնելով նպատակահարմար չէ: Հնարավոր է ընդերքում ածխի ստորգետնյա գազացումը (երբ ընդերքում ածխի ջերմային քայքայումից անջատվում է մեթան գազ), հատկապես, որ ածխի հիմնական կանխատեսումային ռեսուրսները՝ 30-80 մլն.տ, գտնվում են մակերևույթից 500-800 մ խորության վրա: Իսկ Դիլիջանի հանքավայրի այրվող թերթաքարերը բնութագրվում են այրման ցածր ջերմատվությամբ, մեծ մոխրայնությամբ և խեժի ցածր պարունակությամբ: Դիլիջանի այրվող թերթաքարերի այրման ջերմությունը գնահատված է 881 կկալ/կգ, իսկ էլեկտրակայաններում ընդհանրապես օգտագործվում է 2100-3100 կկալ/կգ և բարձր այրման ջերմություն ունեցող այրվող թերթաքարերը, այդ տեսակետից որպես էլեկտրաէներգիայի ստացման հումք պիտանի չէ: Ավելացնենք նաև, որ Դիլիջանի հանքավայրի 1 տ այրվող թերթաքարերից լաբորատոր պայմաններում ստացվում է 80 լ նավթ: Ի դեպ Գերմանիայում կարողանում են ցածր այրման ջերմություն ունեցող այրվող թերթաքարերից (որը կազմում է միջինը 930 կկալ/կգ), հատուկ տեխնոլոգիաներով կորզել նավթ: Նպատակահարմար կլիներ փորձնարդյունաբերական կայանքի ստեղծում այրվող թերթաքարերից գազի և նավթի, ինչպես տարբեր քիմիական արտադրանքների ստացման հնարավորությունների ուսումնասիրման համար:
Ընդհանրապես Հայաստանի ածխի հանքավայրերի ածուխները բնութագրվում են ցածր որակով և այդ հանքավայրերը ու երևակումները արդյունաբերական նշանակություն չունեն (բացառությամբ Իջևանի քարածխի հանքավայրի): Դրանց շահագործումը կարող է ունենալ միայն տեղական նշանակություն: Իսկ Իջևանի և Դիլիջանի հանքավայրերը վատ հետախուզված են, պաշարները կանխատեսումային գնահատման կարգի են և դրանց շահագործումը ընդհանրապես նպատակահարմար չէ՝ ելնելով բնապահպանական նկատառումներից: Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին Հայաստանը տարեկան 600 հազար տոննա ածուխ էր ներկրում, որը սպառվում էր ջերմաէներգետիկ համակարգի կողմից և ազգաբնակչության կողմից ջեռուցման նպատակներով: Ներկայումս ջերմաէներգետիկ համակարգը հիմնականում աշխատում է բնական գազով:
Նավթի և բնական գազի որոնման աշխատանքների արդյունքները դեռևս հուսադրող չեն: Հիշեցնենք, որ նավթի և գազի ռեսուրսների որոնողագնահատման աշխատանքներում ընդգրկված են օտարերկրյա ընկերություններ:
Իսկ ինչ վերաբերվում է ռադիոակտիվ մետաղ՝ ուրանի ռեսուրսների առկայության մասին, ապա միայն երկրաբանահետախուզական աշխատանքների ավարտից հետո կարելի է հստակ կարծիք կազմել ուրանի պաշարների և արդյունահանման նպատակահարմարության մասին, ինչը նախատեսված իրականացնել ռուս-հայկական համատեղ ձեռնարկության կողմից: Թեև կարելի է ենթադրել, որ Հայաստանում ուրանի խոշոր արդյունաբերական պաշարների մասին խոսք գնալ չի կարող: Նույնիսկ ուրանի զգալի պաշարների հայտնաբերման դեպքում Հայաստանում դրանց արդյունահանումը, առավել ևս հարստացումը մի շարք գործոններով պայմանավորված նպատակահարմար չէ:
Թերթաքարային գազի հետ կապված նույնպես որոշակի ենթադրություններ և հույսեր կան, սակայն հստակ գնահատական տալ հնարավոր չէ: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի նախաձեռնությամբ Հայաստանի տարածքում թերթաքարային գազի պաշարների ներուժի բացահայտման, ուսումնասիրության և գնահատման ծրագրեր են նախատեսվում իրականացնել:
Այսպիսով, Հայաստանում կաուստոբիոլիտների հանքավայրերից և երևակումներից ոչ մեկը չունի այնպիսի բարենպաստ պայմաններ և ռեսուրսներ, որով կապահովեր մեր երկրի վառելիքաէներգետիկ համալիրի կարիքների թեկուզ մի մասը կամ կօգտագործվեր էներգետիկ արդյունաբերության մեջ էլեկտրաէներգիա ստանալու համար: Առկա երկրաբանահետախուզական տվյալների հիման վրա, կարելի է ամփոփել, որ տեղական վառելիքահումքային ռեսուրսները չունեն ռազմավարական նշանակություն ՀՀ-ի էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներում: Սակայն այդ ռեսուրսների, հատկապես նավթի և գազի, բիտումային ավազների, թերթաքարային գազի և երկրաջերմային էներգիայի ռեսուրսների կանխատեսման, հայտնաբերման և հետազոտման նպատակով երկրաբանահետախուզական աշխատանքները հետագայում ևս պետք է շարունակական և ավելի ընդգրկուն բնույթ կրեն:
Շարունակելի
Նախորդիվ`
««Բնական գազին այլընտրանք չկա» մտածելակերպից վերջապես պետք է հրաժարվել». դիտարկումներ այլընտրանքային էներգետիկայի շուրջ