Հակաբեղմնավորիչներ, թե՞... Вот в чем вопрос
Երևանյան հիվանդանոցներից մեկի գինեկոլոգիական բաժանմունքում, ինչպես բոլոր նմանատիպ հաստատություններում հերթ է: Ու տարաբնույթ խոսակցություններ, որոնցից մեկն էլ հետևյալն է` հակաբեղմնավորիչներ թե՞ պահպանակ` սա է խնդիրը: Այս երկուսի միջև ընտրությունը շատ անգամ կանանց դնում է լուրջ դիլեմայի առաջ, բայց երբեմն բացատրությունը, թե ինչու են կանայք ընտրում մեկը և ոչ թե մյուսը, երբեմն նույնիսկ տարակուսելի են. օրինակ, հերթում նստած կանացից մեկը, ասաց, որ ամուսինը չի ընդունում պահպանակի կիրառումը ընտանեկան հարաբերություններում, համարելով, որ դա հարիր չէ «հայկական ավանդական, մաքուր ընտանիքին»: Այդ պատճառով էլ կինն այժմ եկել է գինեկոլոգի մոտ, որպեսզի վերջինս խորհուրդ տա հակաբեղմնավորիչներ, թեև «գիտեմ, որ վնաս ա...» կասկածը կնոջ սրտում է:
Նշենք, որ անցած տարի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Ինչո՞վ է պայմանավորված բեղմնականխման ժամանակակից միջոցների օգտագործումը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցում բարձրացվում է հենց այդ ընտրության խնդիրը: Մասնագետներն էլ պարզեցին, որ Հայաստանում կանանց մեծ մասը անցանկալի հղիությունից դեռ շարունակում է պաշտպանվել ավանդական միջոցներով, իսկ հակաբեղմնավորիչներ օգտագործում է հայ կանանց միայն 20 տոկոսը:
Ինչո՞ւ.
«Հակաբեղմնավորիչների կիրառումը կարող է գոյացությունների պատճառ հանդիսանալ, բայց համարել, որ առաջնայինը հենց դրանց մեղքն է ես ճիշտ չեմ համարում»,- Panorama.am-ին ասաց «Ռաֆայել» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Տաթևիկ Ղոռուխչյանը` ընդգծելով, որ հենց գոյացություններ ունենալու ահն է, որ կանանց հետ է պահում այս ճանապարհից: Նրա խոսքով, ամեն խնդիր իր հիմքում ունի գիտելիքների պակաս և այս դեպքը բացառություն չէ` կանայք շատ դեպքերում չգիտեն, որ հակաբեղմնավորիչների ազդեցությունը երբեմն դրա հակառակ էֆեկտն է ունենում` հակաբեղմնավորիչները բուժում են, օգնում օրգանիզմին: Սակայն մի դեպքում` եթե հակաբեղմնավուրչները ճիշտ են ընտրված ու հասցեական են.
«Դրանց կիրառմամբ կարելի է կանխարգելել զարգացող հիվանդությունը»,- նշեց նա:
Մեր զրուցակիցը հատկապես շեշտեց հասցեականությունը, ինչպես նաև մասնագետի կողմից նշանակված լինելու հանգամանքը, քանի որ ինքնագործունեությամբ զբաղվելը այս իրավիճակում կարող է վնասել. «Շատ են դեպքերը, երբ կինը ընկերուհիների, մյուսների խորհուրդով սկսում է օգտագործել հակաբեղմնավորիչներ, սխալ է օգտագործել և այդպիսով արթնացնում բացասական գործընթացները, որ առկա են կնոջ օրգանիզմում»,- հավելեց Տ.Ղոռուխչյանը:
Վերադառնալով վերը հիշատակված զեկույցին նշենք, որ դրա հեղինակները ևս մատնանշել էին, որ Հայաստանում իսկապես բավականին տարածված է այն կարծիքը, թե հակաբեղմնավորիչների օգտագործումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել, ասենք, քաղցկեղի, ինչն էլ նրանց հետ է պահում դրանց օգտագործումից ու, հասկանալի է, չի պաշտպանում անցանկալի հղիությունից: Իսկ աբորտների թիվը Հայաստանում շարունակում է բարձր մնալ` բոլորովին վերջերս Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ասուլիսում ներկայացրեց վիճակագրությունը, համաձայն որի տարեկան Հայաստանում գրանցվում է շուրջ 45 հազար ծնունդ, ըստ պաշտոնական տվյալների շուրջ 7 հազար աբորտ, իսկ ոչ պաշտոնականով ևս չորս հազար աբորտ էլ կատարվում է բուժհաստատություններից դուրս: «Ինչո՞վ է պայմանավորված բեղմնականխման ժամանակակից միջոցների օգտագործումը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցում էլ մատնանշված է` «Երբևէ աբորտի դիմած կանանց գրեթե 2/3-ն` 47 տոկոսն իրենց կյանքում ունեցել է մեկից ավելի աբորտ: Կանանց 5 տոկոսն ունեցել է 6 կամ ավելի աբորտ»...
Նախորդիվ` Գ.Ավագյան. 45 հազար ծննդի դիմաց տարեկան գրանցվում է շուրջ 7 հազար աբորտ