Նավասարդ արք. Կճոյան. Ես չեմ մեղադրում լրագրողներին
«Փաստը մնում է փաստ, որ իմ անունն այդ կազմակերպության գրանցման ժամանակ օգտագործելը կատարվել է առանց իմ իմացության: Կարծում եմ, որ Աշոտ Սուքիասյանն ինչ-որ կերպ կարձագանքեր, եթե այդ նամակի հեղինակը լիներ այլ ոք»,-«Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում` անդարդառնալով Կիպրոսում օֆշորային կազմակերպության վերաբերյալ հարցին, ասել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հետախուզման մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիասյանը նամակ էր գրել գլխավոր դատախազությանն ու «Հետք»-ի խմբագրությանը, որտեղ մասնավորապես նշել էր. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»:
Նույն հարցազրույցում արքեպիսկոպոս Կճոյանը հայտարարել է, թե այդ պատմության հետ որևէ առնչություն չունի:
«Չունեմ հիմնովին, և հետևաբար չեմ կարող տեղեկացված լինել դրա ծալքերին: Հենց սա է պատճառը, որ հասարակության մեջ ծայր առած կասկածները փարատելու դեղատոմս չեմ կարող առաջարկել: Ես չեմ մեղադրում լրագրողներին, բայց, կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ լսել նաև իմ տեսակետը, առավել ևս՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ օֆշորում կազմակերպության գրանցման հարցում որևէ մեկի անունն առանց իր իմացության օգտագործելը մեծ ջանք չի պահանջում: Այսպիսի պատմություն կարող է տեղի ունենալ ցանկացած մարդու հետ: Ինչ վերաբերվում է տարածված տեղեկություններին, թե, իբր, մասնակցել եմ ադամանդագործության զարգացման ծրագրին առնչվող կառավարական ինչ-որ հանդիպման, ասեմ, որ դա բացարձակ սուտ է: Ցավում եմ, որ մեր երկրում մի վատ ավանդույթ է ձևավորվում՝ այն է առանց իրականությունը ճշտելու ճշմարտանման տեղեկություններով հասարակության մոտ այս կամ այն մարդու անվան շուրջ համապատասխան էմոցիոնալ ֆոն ձևավորելը»,-ասել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Արմենպրես»-ում:
Միաժամանակ Արարատյան հայրապետական թեմը հայտնում է, որ սրբազան հոր աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չի լինում անընդհատ անձամբ հաղորդակցվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչի բացը պարբերաբար կլրացվի տարբեր լրատվամիջոցներին հարցազրույցների միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները