Ֆեոդորով. ԼՂ հարցի կարգավորման համար պետք է հաշվի առնել բոլոր կողմերի դիրքորոշումները
«Մոսկվայի կողմից ցանկացած անզգույշ քայլ կարող է հանգեցնել Ղարաբաղում պատերազմի»,- այս մասին «Vesti.az»-ին տված հարցազրույցում նշել է ռուս վերլուծաբան Գեորգի Ֆեոդորովը:
«Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության չեն գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Սա նշանակում է, որ ռուսական կողմը պետք է շատ նուրբ մոտեցում ցուցաբերի այդ ոչ դյուրին խնդրի լուծման առնչությամբ, քանի որ ցանկացած չհավասարակշռված որոշում տխուր հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար»,-նշել է ռուս վերլուծաբանը:
Ըստ վերլուծաբանի, թե´ Ադրբեջանը, թե´ Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի գործընկերներն են, ինչը նշանակում է, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում ցանկացած տեղաշարժ հնարավոր չի լինելու առանց հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի դիրքորոշումները հաշվի առնելու:
«Մնում է հույս փայփայել, որ կողմերը փոխըմբռնման կհասնեն խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության հարցում»,- նշել է Ֆեոդորովը: