Պետական մարմիններում ովքե՞ր են նշանակվում կրտսեր պաշտոններում… «Իզուր եք դիմում, արդեն նշանակված է»
Panorama.am-ի խմբագրությունը պարբերաբար բողոքներ է ստանում. «մարդիկ արդեն հոգնել են» քաղծառայության համակարգում ընդգրկված տարբեր մարմինների աշխատակազմերում առաջացող կրտսեր թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին մասնակցելուց:
«Արդեն որերորդ անգամ եմ դիմում ներկայացրել, բայց անարդյունք: Նույնիսկ տվյալ կառույցում աշխատողն է ասում իզուր եք տալիս, մեկա նախապես գիտեն, ում են նշանակելու, ուղղակի կարգն է այդպես, որ պետք է մրցույթ հայտարարեն, այլապես իրենք նախապես շատ լավ գիտեն, թե ում պետք է նշանակեն տվյալ պաշտոնում»,- բողոքում է Panorama.am զանգահարած մի քաղաքացի, ով դեռևս այդ տարվա փետրվարին ստացել է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման համար անհրաժեշտ հավաստագիրը:
Գրեթե նույնաբովանդակ բողոքներով մի քանի զանգեր էլ ենք ստացել: «Տեխնիկական մասն ապահովելու համար ենք ձեզ կանչել»,- այսպիսի պատասխան է ստացել մրցույթին մասնակցած երիտասարդներից մեկը: Կամ՝ «այստեղ աշխատավարձը քիչ է, հազիվ քո ճանապարհածախսը հանի» (դիմողը եղել է Արմավիր քաղաքից), կամ՝ «որտեղ եք աշխատել, ստաժ չունեք հա՞»: Մինչդեռ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» 10-րդ հոդվածի համաձայն՝ «քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնները՝ առանց աշխատանքային ստաժի և փորձ ենի»:
«Քաղաքացիական ծառայության մասին օրենքով» Քաղաքացիական ծառայության խորհրդի իրավասության սահմաններից դուրս է վերահսկել, թե ինչպես են համապատասխան պետական մարմիններն իրականացնում հավաստագիր ստացած դիմորդների նշանակումը, Panorama.am-ի հետ զրուցում ասաց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, երբ փոխանցեցինք քաղաքացիների բողոքները ու փորձեցինք պարզել, թե արդյոք Խորհուրդը վերահսկողական լծակներ ունի՞, թե ոչ:
Ըստ նրա, կրտսեր պաշտոնի պարագայում նշանակում անում է աշխատակազմի ղեկավարը: «Կոնկրետ չափորոշիչներ, կողմնորոշիչներ չկան»,- ընդգծեց նա, ապա հավելեց. «Իրավական լծակներ չունենք: Իսկ քաղաքացիների նկատմամբ նման դրսևորումները, արհամարհական վերաբերմունքը մենք համարում ենք հակաէթիկական»:
Տեղեկանք Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ունեցող անձանց կողմից զբաղեցված պաշտոնների վերաբերյալ /21.06.2013թ. դրությամբ/, ըստ Քաղաքացիական ծառայության խորհրդի.
Ընդհանուր առմամբ հավաստագիր ունեն 1308 հոգի, որոնցից 587-ը` 2013թ:
Նրանցից`
1. զբաղեցված քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների թիվը ` 575, որոնցից 121-ը` 2013թ,
2. ժամկետային աշխատանքային պայմանագրերով զբաղեցված քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների թիվը` 66, որոնցից 14-ը` 2013թ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները