Հայաստանում հայտնաբերվել են դինոզավրերի, թռչող մողեսների, փղերի և եռամատ ձիերի մնացորդներ
Հայաստանում հնէաբանությանն այսօր քիչ ուշադրություն է դարձվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող, երկրաբան Հայկ Մելիք-Ադամյանը` հավելելով, որ Երկրաբանության ինստիտուտի տնօրինությունն այսօր ավելի շատ ուշադրություն է դարձնում սեյսմոլոգիական հարցերին:
Նրա խոսքերով, եթե հնէաբանական ուսումնասիրությունների համար գումարներ հատկացվեն, ապա Հայաստանում կարելի է զարգացնել գիտական զբոսաշրջությունը: «Չտեսնված հետաքրքիր է Հայաստանի և Արցախի տարածքը: Փաստորեն, 45 հազար կմ տարածությունը բաց երկնքի տակ երկրաբանական թանգարան է»,- ասաց Հ.Մելիք-Ադամյանը:
Անդրադառնալով հնէաբանական պեղումներին, երկրաբանը նշեց, որ մինչ այժմ կա տեսակետ, թե Հայաստանի տարածքում դինոզավրեր չեն եղել, սակայն դա, ըստ նրա չի համապատասխանում իրականությանը: «Հայաստանի տարածքից վերջերս գտնվել է դինոզավրի ոսկոր, որը պատկանել է ոչ մեծ գիշատիչ դինոզավրերի թվին և թվագրվում է ք.ծ.ա. 88-83 մլն տարի առաջ»,- նշեց նա:
Հ. Մելիք-Ադամյանի խոսքերով` Հայաստանի տարածքում գտել են նաև թռչող մողեսի ոսկորներ, որոնք մինչ այժմ տարածաշրջանում չեն գտնվել: Այդ ոսկորները թվագրվում են ք.ա. 90 մլն տարի առաջ. դրանք գտնվել են Վայքի տարածաշրջանում, և Սանկտ-Պետերբուրգում ենթարկվել է ուսումնասիրության, որի արդյունքում հաստատվել է` դա թռչող մողես է եղել: Թռչող մողեսի թևերի բացվածքը եղել է շուրջ ութ մետր, քաշը՝ 40-50 կգ:
Գիտաշխատողը նշեց, որ Հայաստանի և Արցախի ընդերքն ուսումնասիրելիս գտնվել են նաև փղեր: Մասնավորապես, Գյումրիի շրջակայքում՝ սև տուֆերի տակից 30-40-ականներին փղի ոսկորներ են հայտնաբերվել, իսկ Նորաբաց գյուղի շրջակայքում գտնվել է ավելի հազվագյուտ՝ անտառային փիղ, որը նման է աֆրիկյան փղերին:
Ի դեպ, երկրաբանն ասաց, որ Հայաստանում նաև գտնվել է մամոնտ` բրդոտ մամոնտ, ինչպես նաև` եռամատ ձիու մնացորդներ: