Բիձինա Իվանիշվիլին չի բացառում Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը
Բիձինա Իվանիշվիլին չի ցանկանում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը, սակայն ոչինչ չի բացառում: «Գրուզիա օնլայն» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է «Սոֆ Շավուա» պարբերականին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Սաակաշվիլին ձերբակալվի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:
«Կա դատախազություն, դատարան և օրենք, որոնք բոլորի համար մեկն են: Ես չեմ պատրաստվում նրանց հետ բանակցություններ վարել»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Իվանիշվիլիի խոսքերով՝ Սաակաշվիլին իրականում չի հարգել Վրաստանի օրենքները, նա տաղանդավոր է, քանի որ կարողացել է խաբել ողջ աշխարհին:
«Առաջինը, ում նա խաբել է, Վրաստանի քաղաքացիներն են: Նա ներկայացել է որպես դեմոկրատ: Նրան աջակցել են բոլորը, սակայն այնուհետև կռահել, որ նա ավտորիտար ռեժիմ է կառուցում: Իշխանությունների բռնությունը տարածվել է ողջ երկրում: Նա կործանել է ընդդիմությանը, ծաղկել է էլիտար կոռուպցիան: Երբ մենք եկանք իշխանության, հայտնաբերեցինք, որ ողջ մասնավոր բիզնեսը ենթարկված է կառավարությանը, ազատ բիզնեսներ գոյություն չեն ունեցել: Գլխավոր դատախազը դարձել էր գանձարանի կառավարիչ, և նրանք հաշվել են գումարները, որոնք հավաքել են քաղաքացիներից ու գործարարներից: Նա վերահսկել է ԶԼՄ-ները, միայն մի փոքր մասն է ազատ եղել, և նա դա ցուցադրել է Արևմուտքին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը: