Կարավաև. Մոսկվան կորցրել է այն պահն ու ժամանակը, երբ կարող էր ազդել ԼՂ հակամարտության կարգավորման վրա
«Մոսկվան կորցրել է այն պահն ու ժամանակը, երբ մեծապես կարող էր ազդել ԼՂ հակամարտության կարգավորման վրա»,- այս մասին Vesti.az-ին տված հարցազրույցում նշել է Հետխորհրդային տարածքի ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Կարավաևը:
-Մոսկվան շարունակելու՞ է միջնորդական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
-Անկասկած: Մոսկվան առաջվա պես հնարավոր ամեն ինչ անելու է, որ պահպանի հավասարակշռությունը հակամարտող կողմերի հարաբերություններում: Բայց չեմ կարող ասել, որ Մոսկվան ներկայում ցանկություն և հնարավորություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իսկական միջնորդի դերում հանդես գալ: Կարծում եմ, որ խնդրի կարգավորման գործընթացում դրական արդյունք գրանցելու համար անհրաժեշտ է, որ կարգավորման միջնորդները մշակեն խրախուսանքի համակարգ: Նման մեխանիզմ, ցավոք, դեռևս չի մշակվել:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
-Կարելի՞ է ասել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Կրեմլի ձեռքում է:
-Ոչ, ես վստահ չեմ, որ դա այդպես է:Նման բան վստահաբար կարելի էր ասել 90-ական թթ-ին՝ մինչև ԽՍՀՄ-ի վերջնական փլուզումը: Ես չգիտեմ մի մայրաքաղաք, որտեղ որ գտնվում է ասենք արաբա-իսրայելյան հակամարտության կարգավորման բանալին... այդ հակամարտությունը բազմակողմ է դարձել: Նույնը, փոքր-ինչ քիչ, կարելի է ասել հայ-ադրբեջանական հակամարտության մասին: Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ լուծել մեկ հեռախոսազանգով: Մոսկվան կորցրել է այն պահն ու ժամանակը, երբ մեծապես կարող էր ազդել ԼՂ հակամարտության կարգավորման վրա: Մոսկվան կորցրել է այդ լծակները: