Թուրքիայում սկսվել է հայ կնոջ սպանության մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանի դատավարությունը
Թուրքիայում սկսվել է նախորդ տարեվերջին Ստամբուլի Սամաթիա հայաբնակ թաղամասի տարեց բնակչուհիներից մեկին սպանելու և երեքին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող հայազգի Մուրադ Նազարյանի դատավարությունը: Այս դատական գործով ընթացող առաջին դատավարությանը մասնակցել են սպանված Մարիցա Քյուչուքի զավակները: Նրանցից Զադիք Քյուչուքը դատարանին պատմել է, թե ինչպես է տան մեջ հայտնաբերել սպանված մոր դին: Զադիքը դատարանին տեղեկացրել է, որ չի ճանաչում մեղադրյալին, միայն գիտի, որ աշխատել է ինչ-որ պանդոկում:
Քյուչքուների ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինը նշել է, որ մեղադրական ճառը բավականին թերի է, և այդ հանցագործության հետևում մեկից ավելի մարդիկ են կանգնած: Փաստաբանի համոզմամբ` այդ հանգամանքը, սակայն, կոծկելու փորձ է արվում: Քեսքինը մտահոգություն է հայտնել, որ հարցաքննությունը բավական կողմնակալ է ընթացել: Դեպքի վայրում մեկից ավելի կանանց վրա է հարձակում կատարվել, բայց դատախազությունը չգիտես ինչու տուժածներին չի հրավիրել ցուցմունքներ տալու: «Ես կարծում եմ, որ այս սպանության մեջ մեկից ավելի հանցագործ կա»,- ասել է փաստաբանը:
Դատալսմանը ներկա չէր մեղադրյալի փաստաբանը, ինչի պատճառով էլ դատարանը որոշում է կայացրել դատապաշտպանությունը նշանակել հաջորդ դատալսմանը: Իսկ այն հարցին, թե ունի ասելիք մեղադրյալ Նազարյանը, վերջինս պատասխանել է. «Ասելու ոչինչ չունեմ: Ես ոչ մեկին չեմ սպանել»:
Մարիցա Քյուչուքի զավակներից մեկը` Պայծառ Միդիլին, դատավարության ավարտին ասել է. «Այս մարդը (Մուրաթ Նազարյան) նման բան անել չէր կարող: Հարկավոր է բացահայտել նրան դրդողներին»: