«Ավազակների ժողովրդական կուսակցություն»` նոր քաղաքական ուժ Թուրքիայում
«Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ` «Վերակառուցում սոցիալիստական կուսակցությունը» քաղաքական կազմակերպությունների շարքում գրանցվելու համար դիմել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարություն: Կուսակցության համանախագահ Նեժլա Քուրուլը հայտնել է, որ իրենց նորաստեղծ կուսակցության համար կարևոր են գենդերային հավասարությունը, քրդական հարցը ու դրա խաղաղ կարգավորումը և առհասարակ երիտասարդության առջև ծառացած խնդիրները:
Կուսակցության մյուս համանախագահ Թունջայ Յըլմազը, տեղեկացնելով, որ Գեզի զբոսայգու դեպքերը հիմք հանդիսացան կուսակցության ստեղծման համար, ասել է. «Անարդարության զոհ դարձածների, վարչապետ Էրդողանի կողմից «ավազակ» կոչվածների կուսակցությունն ենք մենք: Մեր կուսակցության անունը «Վերակառուցում սոցիալիստական կուսակցություն» է, բայց հեգնանքով կարող եք նաև «Ավազակների ժողովրդական կուսակցություն» անվանել»:
Հիշեցնենք, որ Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի մասնակիցներին Թուրքիայի վարչապետը «ավազակներ» էր անվանել: Այդ պիտակավորումն ակտիվորեն շրջանառության մեջ մտավ նաև ցուցարարների շրջանում` որպես բողոքի նշան` ուղղված Էրդողանին: