Պատրուշև. Հայաստանը՝ անվտանգության ապահովման տեսանկյունից անհանգստանալու հիմքեր չունի (Տեսանյութ)
Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Նրա խոսքով, Հայաստանի ու Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհուրդներն ակտիվորեն համագործակցում են, հիմա արդեն մշակում են 2014-2015 թթ. համագործակցության ծրագիրը:
Նշենք, որ այսօր կառավարության ընդունելությունների տանը Ն. Պատրուշևն ու նրա հայաստանցի գործընկեր Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին համաձայնագրեր:
«Ակտիվ և արդյունավետ համագործակցության համար շատ կարևոր է ունենալ համապատասխան նորմատիվ -իրավական բազա»,-ասաց ՌԴ պաշտոնյան:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին ու Ադրբեջանի` օրեցօր աճող ռազմական հռետորիկայի վերաբերյալ հարցին, Պատրուշևն ասաց, որ ռուսական կողմը զենք վաճառելիս պահպանում է ստանձնած միջազգային բոլոր պարտավորություններն ու պահանջները, ինչպես նաև պահպանում է Ռուսաստանի բոլոր օրենքները:
«Բացի այդ Հայաստանի հետ մենք ունենք ռազմավարական հարաբերություններ, այս այցի ընթացքում մենք այցելեցինք ռուսական ռազմաբազա, համոզվեցինք, որ մեր զինվորականները, բանակն ու սահմանապահները հուսալիորեն ապահովում են Հայաստանի անվտանգությունը, այդ առումով դուք որևէ անհանգստություն չպետք է ունենաք: Այստեղ անվտանգության ապահովման առումով կան բավարար միջոցներ և ուժ, մենք միասին դա ստուգել ենք»,-ասաց Պատրուշևը, ինչին Արթուր Բաղդասարյանն արձագանքեց` ճիշտ է: