Բողոք. «Մենք նաև անվտանգ տրանսպորտ ենք ուզում»
Երթուղային միկրոավտոբուսների մի մասը շարունակում է չաշխատել երեկոյան ժամերին և վատ աշխատել` առավոտյան: Այսպիսի դժգոհություն են հայտնում մայրաղաքաղի բնակիչները: Այսպես օրինակ, Կենտրոն համայնքի բնակիչ Մանուկ Գևորգյանը նշեց, որ երեկոյան 20-ից հետո անիմաստ է սպասել Կենտրոն համայք փոխադրող 62, 27, 64, 60 և 29 համարի երթուղային տաքսիների, ավելի ուշ` 46, 2 և մի քանի այլ համարների:
Թիվ 3 դիսպետչերական կետում, որտեղից մեկնում են թիվ 62, 27 և 2-ը չպարզաբանեցին, թե ինչու երեկոյան ժամերին մեքենաներ չկան նույնիսկ հանգրվանային կետերում: «Ես չեմ կարող բացատրել, թե ինչու այս ժամին երթուղային չկա», - ժամը 21:00-ին պատասխանեց դիսպետչերական կետի աշխատողը, չպատասպանելով նաև, թե մինչև քանիսն են աշխատում ուղեգծերը:
Գերբեռնված և անկայուն ժամատախտակով են աշխատում նաև Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայանից մեկնող թիվ 55 և 69 երթուղայինները: «Մենք ստիպված ենք շուրջ մեկ ժամ սպասել, որ 55 համարի երթուղայինը գա: Այս դեպքում կանգառում շատ մարդ է կուտակվում և տրանսպորտը գերծանրաբեռնված է մեկնում: Լինում են հակառակ դեպքեր, որ գալիս են իրար հետևից: Փաստորեն, ժամատախտակը կանոնակարգված չէ: Առավոտյան նույնպես գրեթե նույն վիճակն է», - ասաց քաղաքացիներից Հասմիկ Հայրապետյանը: Բողոքներ հնչեցին նաև թիվ 23, 7, 99 և մի քանի այլ երթուղիների վերաբերյալ:
Բացի անկայուն ժամատախտակից, քաղաքացիներին շարունակում է անհանգստացնել երթուղային միկրոավտոբուսների գերծանրաբեռնվածությունը: «Շատ հաճախ վարորդները շարունակում են կանգառներում ուղևոր սպասել, թեև արդեն տեղ չկա նույնիսկ կանգնելու: Պատասխանելով դիտարկումներին, թե ինչու են սպասում, երբեմն վարորդները կոպտում են», - բողոքեց Աննա Միքայելյանը, զարմանք հայտնելով, թե ինչու չեն տուգանում գերբեռնված միկրոավտոբուսի վարորդին: «Երևի մոռացել են Նորքի զանգվածից իջնող «մարշրուտկեքի» գերբեռնվածության պատճառով Հերացու փողոցում տեղի ունեցած վթարները, ցավոք, մարդկային զոհերով: Մենք նաև անվտանգ տրանսպորտ ենք ուզում», - հավելեց նա:
Քաղաքացիներից մեկն էլ մեզ հետ զրույցում ենթադրեց. «հավանաբար, վառելիք են խնայում, եթե առավոտյան X ժամանակահատվածում պետք է 2 պտույտ կատարեն, անում են 1-ը, այսպիսով` քաղաքացիների նյարդերի ու ժամանակի հաշվին խնայում վառելիք»:
Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում, իր հերթին զետեղված է, որ Երևանում գործում են թվով 112 միկրոավտոբուսային երթուղիներ, որոնցում շահագործվում են տարբեր մակնիշների մոտ 2700 միկրոավտոբուսներ։ Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկվում են մրցույթներում հաղթող ճանաչված թվով 63 մասնավոր կազմակերպությունների կողմից։ Հատկանշական է, որ կայքում միկրոավտոբուսների վերաբերյալ վերջին տվյալները ներկայացված են 2010 թվականի դրությամբ: Քաղաքապետարանից պարբերաբար նաև վստահեցնում են, որ տրանսպորտի վիճակը մայրաքաղաքում կբարելավվի` տրասպորտային ցանցի վերանայումից հետո, իսկ այդ գործընթացը պայմանավորում են տրանսպորտային նոր միջողների շահագործման մեկնարկով: