Աբովյանցի հայտնի գործարարի մահվան մեջ 3 մեղադրվողներն ազատ են արձակվել
Աբովյանի հայտնի գործարար «ՄԱ-Պլազա» ժամանցային համալիրի սեփականատեր Մկրտիչ (Մերուժան) Խաչատրյանին ծեծելու միջոցով մահվան հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված երեք երիտասարդներն այժմ ազատության մեջ են. նրանց նկատմամբ խափանման միջոցը փոխվել է:
Panorama.am-ի ունեցած այս տեղեկությունը հաստատեց նաև ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը:
Կալանավորված զինծառայող Ալբերտ Քարհանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է և այժմ նա հանձնվել է զորամասի հրամանատարության հսկողությանը: Իսկ աբովյանցի եղբայրներ Վարդան և Վահրամ Գրիգորյանների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Օրերս Panorama.am-ը տեղեկացրել էր, որ այս գործով մեղադրյալների նկատմամբ նախկինում առաջադրված ծանր մեղադրանքը փոխվել, մեղմացվել էր և նրանց վերագրվել էր միջին ծանրության հանցանք: ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնից չասացին, թե ի՞նչ հիմքերով են ազատ արձակել մեղադրյալներին: Ամենայն հավանականությամբ մեղադրանքի մեղմացման և քրեական հոդվածների վերաորակավորման արդյունքում են մեղադրյալներն ազատ արձակվել:
Զինծառայող Ալբերտ Քարհանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը) 109 հոդվածի 1-ին մասի` «անզգուշությամբ մահ պատճառելը» հատկանիշներով: Իսկ գործով մեղադրյալ եղբայրներ` Վարդան և Վահրամ Գրիգորյանների առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով`դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը:
Նշենք, որ մինչ այդ, նրանց նկատմամբ նախկինում առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգքրի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը):
Ավելի վաղ Panorama.am-ը մանրամասնությամբ անդրադարձել էր այս դեպքին. Աբովյանի խոշոր գործարար Մկրտիչ Խաչատրյանին սպանել էին նախորդ տարվա սեպտեմբերի 13-ին: Հանցագործությունը կատարելու համար սկզբում կալանավորվել էր ՊՆ շարքային զինծառայող Ալբերտ Քարհանյանը, սակայն Panorama.am-ի հրապարակումից հետո կալանավորվեցին ևս երկուսը` եղբայրներ Վահրամ և Վարդան Գրիգորյանները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «ՄԱ-Պլազա» ժամանցային համալիրի դիմաց, երբ մի խումբ երիտասարդներ վիճաբանել էին, Մկրտիչ (Մերուժան) Խաչատրյանը այդ օրը փորձել էր խաղաղեցնել նրանց ու հորդորել էր չկռվել: Սակայն, ինչպես Panorama.am-ին էին պատմել Խաչատրյանի հարազատները, խմբից առանձնացած մի քանի երիտասարդներ մոտեցել են, քաշքշել են գործարարին, ծեծել, գցել գետնին և նորից ոտքերով խփել: Դաժան ծեծի ենթարկված Մկրտիչ Խաչատրյանն այդ օրը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ենթարկվել վիրահատության, բայց դժբախտաբար, սեպտեմբերի 27-ին Խաչատրյանը մահացել էր:
Նախորդող հրապարակումներ. Աբովյանցի գործարարի սպանությունը կոծկո՞ւմ են. հարազատները արդարություն են փնտրում
Նոր զարգացումներ աբովյանցի գործարարի սպանության գործով. Կան ևս երկու ձերբակալվածներ
Աբովյանցի գործարարի մահվան մեջ մեղադրվողների մեղադրանքը մեղմացվել է, և գործն ուղարկվել է զինդատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները