Դիվանագիտական սկանդալ՝ Պակիստանի և Ադրբեջանի միջև
Պակիստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական սկանդալ է առաջացել: Ինչպես նշում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը, աղմուկի պատճառը Բաքվում Պակիստանի դեսպանատան գտնվելու վայրի շուրջ առաջացած վեճն է:
Այն հողատարածքը, որտեղ գտնվում է Պակիստանի դեսպանատունը, պատկանում է Ադրբեջանի քաղաքացի Ջալիլա Ասանփաշա Մահերամովային: Ջալիլա Մահերամովան 2002 թ-ին կնքված պայմանագրով հողատարածքը 99 տարով վարձակալության է տվել Պակիստանի դեսպանատանը: Սակայն վերջինիս հետ նոտարով հաստատված պայմանագիրը ստորագրած դեսպան Ֆայիզ Մոհամեդ Հոսոն 10 տարի շարունակ չի վճարել վարձակալության վճարը: Ամեն անգամ վճարը պահանջելու դեպքում, նա Մահերամովային վստահեցրել է, թե ամբողջ գումարը կվճարի միանգամից: Հոգնելով դեսպանի դատարկ խոստումներից՝ Ջալիլա Մահերամովան դիմել է Բաքվի Նարիմանովի շրջանի դատարան: Դատարանը ամբողջ գումարը վճարելու և տարածքն ազատելու մասին դեսպանատան դեմ վճիռ է կայացրել, ինչի հետ կապված դեսպանատունը դատարանի վճիռը բողոքարկել է Վճռաբեկ դատարան: Այժմ գործով զբաղվում է Վճռաբեկ դատարանի դատավոր Մեհդի Ասադովը:
Թերթը գրում է, որ խնդրի մասին տեղյակ է նաև Պակիստանի կառավարությունը: Պակիստանի կառավարությունը նույնիսկ խիստ տոնով խոսակցություն է ունեցել Պակիստանում Ադրբեջանի դեսպանի հետ: Նրան ասվել է, որ եթե այդ խնդիրը լուծում չստանա, նման խնդիր կստեղծվի նաև Պակիստանում Ադրբեջանի դեսպանատան հետ:
Թերթը Ջալիլա Մահեռամովայի փաստաբան Ադեմ Մամեդովից պարզել է, որ հիշյալ տարածքն իր պաշտպանյալին պատկանելու և այն Պակիստանի դեսպանատան կողմից վարձակալվելու մասին հաստատող փաստաթղթերն առկան են և օրենքն իրենց կողմն է: «Մեզ բոլորովին չեն հետաքրքրում խնդրի մյուս կողմերը: Հարցը նրանում է, որ Ջալիլա Մահեռամովան պահանջում է վճարել իր հասանելիք գումարը և վերադարձնել վարձակալության տված իր անշարժ գույքը, իսկ դատարանը դրա հետ կապված դրական վճիռ է ընդունել»,-ասել է փաստաբանը: