Քըլըչդարօղլու. Գեզի այգու ցուցարարները ծնկի են բերել Էրդողանին
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ վարչապետ Էրդողանը Թուրքիայի նոր բռնապետն է: Այս մասին տեղեկացնում է «Hurriyet Daily News»-ը:
«Աշխարհում 7 մլրդ մարդ է ապրում: Սխալ գործելը սովորական է մարդկանց համար և նրանք շտկում են իրենց սխալները և երբ անհրաժեշտ է՝ ներողություն խնդրում: Դա խոսում է մարդկային արժեքի մասին: Սակայն նա (Էրդողանը) ասում է՝ «ես սխալներ չեմ անում»: Էրդողանն ասում է, եթե դու չանես այն, ինչ ասում եմ, ուրեմն դու ճիշտ չես: Նրա անունն է Թուրքիայի նոր դիկտատոր Ռեջեփ Թայիփ Էրդողան»,- այս մասին նշել է Քըլըչդարողլուն խորհրդարանում իր կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Քըլըչդարողլուն հավելել է, որ «Գեզի այգու ցուցարները ծնկի են բերել դիկատատորին»:
«Այժմ խուճապի մեջ նա կազմակերպում է հանդիպումներ ամբողջ երկրով մեկ, սակայն նա միայն իրեն է լսում: Ոչ մեկ չի լսում, թե նա ինչ է ասում: Միայն մի բառով կարելի է բնութագրել Էրդողանին՝ «սուտասան»,- նշել է վերջինս:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների համար պատճառ է հանդիսացել Թաքսիմ հրապարակին հարող Գեզի զբոսայգին անտառահատելու և առևտրի կենտրոն կառուցելու կառավարության որոշումը:
Ի դեպ, Թաքսիմի նշյալ այգում և հարակից տարածքներում նախկինում հայկական գերեզմաններ են եղել: