Այս տարի միասնական քննություններին մասնակցած 14 400 դիմորդների 19%-ը չի հաղթահարել նվազագույն 7,5 միավորի շեմը
Այս տարի միասնական քննություններին մասնակցած 14 400 դիմորդների 19%-ը չի հաղթահարել նվազագույն 7,5 միավորի շեմը: Ամփոփելով միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի Արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:
Նա նշեց, որ քննությունների միջին միավորը եղել է 10-15: Ըստ Ա.Իսպիրյանի` նախորդ տարիների համեմատ այս տարի նվազել է ֆիզիկա, հայոց լեզու և գրականություն առարկաների միջին միավորը: Մասնավորապես, եթե նախորդ տարի հայոց լեզու և գրականություն առարկայի միջին միավորը եղել է 13,5, առավելագույն 20 միավոր ստացել է 208 դիմորդ, ապա այս տարի միջին միավորը 12,7 է, իսկ առավելագույն 20 միավոր ստացել է 80 դիմորդ: Ինչ վերաբերում է ֆիզիկային, ապա անցած տարի այս առարկայի միջին միավորը եղել է 11,6, իսկ 20 միավոր ստացել է 60 դիմորդ: Այս տարի միջին միավորը 11 է, իսկ առավելագույն 20 միավոր ստացել է ընդամենը 35 դիմորդ:
Ա.Իսպիրյանի խոսքերով` ռուսաց լեզու, մաթեմատիկա, ընդհանուր պատմություն և քիմիա առարկաներից միջին միավորներն ու առավելագույն միավորները նախորդ տարվա համեմատ գրեթե չեն փոխվել, իսկ կենսաբանություն, աշխարհագրություն և օտար լեզուների առարկաներից միջին միավորն այս տարի ավելի բարձր է, քան նախորդ տարի:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանն էլ նշեց, որ այս տարի միասնական քննությունների ժամանակ ծածակագրերից, հեռախոսներից օգտվելու դեպքերն են ավելի շատ եղել, քան նախորդ տարիներին էր: «Այսինքն` շտեմարանների առկայությունը դիմորդին մղում է զարտուղի ճանապարհով գրավոր գրել»,- ասաց նա: Շտեմարանների հաջորդ կարևոր առանձնահատկությունը, ըստ նրա, այն է, որ լավ հիշողություն ունեցող երեխաները, ովքեր, հատկապես հումանիտար առարկաներից և օտար լեզուներից քննություն են հանձնում, կարող են պարզապես անգիր անել թեստերի պատասխանները: «Հիմա կրթության և գիտության նախարարության հետ քննարկում ենք, որպեսզի շտեմարաններում որոշակի փոփոխություններ մտցնենք»,- ասաց Գ.Մելիքյանը:
Նա նշեց նաև, որ այս տարի քննությունները շատ ավելի խաղաղ են անցել և դրա վառ վկայությունը քիչ թվով բողոքարկումներն են: Ըստ Գ.Մելիքյանի`` նախորդ տարի ԳԹԿ-ն ընդհանուր առմամբ ստացել է 1200 բողոք-դիմում, իսկ այս տարի` մոտ 400 բողոք-դիմում: Բողոքարկողների հիմնական մասը նվազագույն շեմը չհաղթահարած դիմորդներն են: «Դիմումների մեծ մասն ավելի շատ խնդրանք է, որպեսզի մեկ անգամ ևս վերանայեն արդյունքները, մի մասը վերաբերում է անցումային շեմի վրա գտնվող երեխաներին, որոնք հավաքել են 7,25 միավոր և ընդամենը մեկ առաջադրանք է պակասում, որ նրանք հաղթահարեն նվազագույն շեմը, սակայն նման տիպի բողոքները մերժվել են` համաձայն գործող կարգի»,- նշեց ԳԹԿ-ի տնօրենը:
Նախորդող` Մեկնարկել է միասնական քննությունների երկրորդ փուլը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա