Համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում պետք է բարձրացնել որակական նոր մակարդակի վրա
«Հայաստանը հետաքրքրված է ՀԱՊԿ-ի կայացման, տարբեր ոլորտներում նրա դերի բարձրացման գործընթացով»,- այսօր Երևանում «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական – անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի բացմանը հայտարարեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա խիստ կարևորեց նման գիտաժողովի անցկացումը, հույս հայտնելով, որ դա նաև կայուն հարթակ կլինի ոչ միայն տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը, այլ նաև հեռանկարների կայացմանը:
Մասնավորապես նա կարևորեց տարածաշրջանային անվտանգությանը միտված քայլերը, նշելով, որ պետք է ամրապնդել բազմակողմանի համագործակցությունը: «Մեր տարածաշրջանում պետք է ամրապնդել ռուս-հայկական համագործակցությունը, ընդհանրապես՝ պետք է ուժեղացնել ՀԱՊԿ-ի կազմակերպչական հնարավորությունները», - ասաց նա, հիշեցնելով, որ Հայաստանն էր ժամանակին հանդես եկել Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման նախաձեռնությամբ:
Այսօր՝ Ա.Բաղդասարյանի խոսքով՝ հարկավոր է նոր հավաքական ստորաբաժանումների ստեղծում, առաջին հերթին՝ ավիացիոն:
«Ցանկալի կլիներ, որ առավել խորապես քննարկվեին տարածաշրջանային անվտանգության հարցերը և և կարևոր ուղենիշները», -ասաց ԱԱԽ քարտուղարը, նշելով, որ մշտական ուշադրության կենտրոնում պետք է լինեն մասնագետների պատրաստման, վերապատրաստման առաջնահերթությունները:
Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ֆորումի անցկացման ակտուալությունը հենց վերնագրի մեջ է: Նա լավատեսությամբ նշեց, որ գիտաժողովին ներկայացված են փորձագետներ տարբեր երկրներից:
«Համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում պետք է բարձրացնել որակական նոր մակարդակի վրա, ինչի շնորհիվ հնարավոր կլինի արձագանել բոլոր մարտահրավերներին և գտնել արդյունավետ լուծումներ՝ հանուն Կազմակերպության տարածքում խաղաղության և կայունության հաստատմանը», - նշեց նա:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ևս հույս հայտնեց, որ այդ համաժողովը կունենա կառուցողական նշանակություն: