Իրանի Մեջլիսի պատգամավոր. Հայաստանի հետ բարեկամական կապերը կնպաստեն երկկողմ համագործակցությանը բազմաթիվ ոլորտներում
«Հայ-իրանական բարեկամական և պատմական կապերը Իրանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման համար լավ հնարավորություններ են ստեղծում»,-այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, մասնավորապես նշել է. «Անհրաժեշտ է առկա բոլոր հնարավորությունները օգտագործել, որպեսզի առևտրի, արդյունաբերության և տնտեսության մյուս ոլորտներում երկկողմ համագործակցությունն ավելի խորանա: Հայաստանի հետ բարեկամական կապերը կնպաստեն երկկողմ համագործակցությանը բազմաթիվ ոլորտներում»:
Իրանում ՀՀ դեսպանն էլ իր հերթին, ընդգծելով Իրանում անցկացված հաջող ընտրությունների փաստը, հույս է հայտնել, որ հայ-իրանական հարաբերություններն ավելի կընդլայնվեն:
Նախորդող հրապարակումներ՝
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին
Հասան Ռոուհանիի ուղերձը Նախագահ Սերժ Սարգսյանին. «Փոխըմբռնման միջոցով զարգացնելու ենք հայ-իրանական հարաբերությունները»
Իրանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության մթնոլորտում. Իրանագետի դիտարկումները