«Հարևան երկրներում ՏՀՏ ոլորտին հարկային արտոնությունների տրամադրումը խաթարում է մեր երկրի մրցունակությունը արտաքին շուկաներում»
Հունիսի 28-30-ը «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ընթացքում տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների քննարկումների օրակարգում կլինեն ոլորտի զարգացման հիմնահարցեր, մասնավորապես`
• Տեխնոլոգիական ընկերությունների համար պետական տենդերների մասնակցության ժամանակ առաջացող խնդիրները
• Հայաստանի ՏՀՏ մրցունակության ապահովման համար անհրաժեշտ հարկային և այլ օրենսդրական փոփոխությունները
• Սփյուռքի տեխնոլոգիական-մասնագիտական ներուժի հայտնաբերում և ներգրավում՝ խորհրդատվական, ներդրումային և կրթական աջակցություն ստանալու և տեխնոլոգիական լուծումներն արտերկրում վաճառելու համար
• ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների հայեցակարգի դրույթների կատարումն ապահովող առաջնային գործողությունների ծրագիր:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության տարածած հայտարարության մեջ նշվում է.
«Ճիշտ է` Միության ջանքերով 2012 թվականի ընթացքում արդեն իսկ լուծում են ստացել մաքսային և հարկային ոլորտի որոշ խնդիրներ, մասնավորապես` ՀՀ Մաքսային օրենսգրքի 48 հոդվածում ներառվել է երաշխիքային սպասարկումը կարգավորող դրույթը, ինչը նպաստում է ՏՀՏ ոլորտում գործող ընկերությունների կողմից ներմուծվող երաշխիքային ժամկետում գտնվող ապրանքների երաշխիքային սպասարկման իրականացմանը:
Բացի այդ, հարկային օրենսդրությունում կատարվեց փոփոխություն` համաձայն որի գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և ինովացիոն գործունեության ոլորտում կատարվող ներդրումները ճանաչվեցին որպես ծախս: Սակայն 2013թ. հարկային օրենսդրության փոփոխությամբ պայմանավորված առաջ են եկել մի շարք խնդիրներ, ինչպես նաև վեր են հանվել Հյաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման հետ կապված թե հարկային և թե մաքսային ոլորտի խնդիրներ, որոնցից են` վճարային փաստաթղթերի չեղարկման խնդիրը, էլեկտրոնային առևտրի դեպքում միջազգային վճարահաշվարկային համակարգերի կողմից տրված փաստաթղթերը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից որպես ծախսագրման փաստաթղթեր չընդունելու խնդիրը, էլեկտրոնային հայտարարագրման դեպքում կիրառվող մաքսավճարի խնդիրը և այլն:
Այս ամենից բացի, հարևան երկրներում ՏՀՏ ոլորտին զգալի հարկային արտոնությունների տրամադրումը խաթարում է մեր երկրի մրցունակությունը արտաքին շուկաներում:
Ֆորումը տեղի կունենա Դիլիջանի «Բեստ Վեսթերն Փարադայզ» հյուրանոցային համալիրում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:
Ներկա դրությամբ ֆորումի մասնակցության հայտ են ներկայացրել ղեկավարներ և ներկայացուցիչներ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամից, Գյումրիի ՏՏ Կենտրոնից, Յունիքոմփ, Օրանժ Արմենիա, Սորսիո, Մայքրոսոֆթ Ար Էյ, Դ-Լինկ, Ինստիգեյթ, Սի Էյչ Էս Վերիսել Սերվիս և ՏՀՏ հայաստանյան այլ կազմակերպություններից: Պետական մարմիններից ներկա կլինեն ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարարությունից, ՀՀ Ֆինանսների նախարարություն, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից և այլն: Ֆորումին կմասնակցեն նաև հետաքրքրված այլ ոլորտների ընկերությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ»: