ՊՆ. Հայկական կողմն Ադրբեջանի սպառազինության մրցավազքի մեջ հենց այնպես, կուրորեն չի ներքաշվում
«Ադրբեջանի սպառազինումը մեզ չմտահոգել չի կարող, բայց ռազմատեխնիկական համագործակցությունը մեր գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա, և մենք անում ենք հնարավորը, որպեսզի պահենք ուժերի հավասարակշռությունը ոչ միայն քանակական, այլ նաև՝ որակական առավելության շնորհիվ», - այսօր բացված «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական – անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ նման համագործակցության թափանցիկությունը բերում է նրան, որ յուրաքանչյուր մատակարարում և հավասարակշռության ամեն մի խախտում վերահսկելի է դառնում նաև Ռուսաստանի համար: Ըստ բանախոսի՝ լինելով ռազմավարական գործընկեր, վերջինս որոշակի պարտադրանքի տակ է դնում տարածաշրջանային երկրներին, որ նրանք չօգտագործեն այդ սպառազինությունը: Նախարարը կրկնեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանը գտնվում է սերտ հարաբերությունների մեջ, որի վառ օրինակն է ռազմատեխնիկական համագործակցության մասին երեկ ստորագրված փաստաթուղթը:
«Այսպես որ, իրավիճակը վերահսկելի է: Իհարկե, մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունն իրականացնում է սպառազինում, և փաստացի մեզ ներքաշում մրցավազքի մեջ: Բայց մենք հենց այդպես, կուրորեն չենք ներքաշվում: Մենք ավելի շատ որակի վրա ենք ուշադրություն դարձնում», - ասաց նախարար Օհանյանը: