Կեսգիշերային հրավառությունները խանգարում են երևանցիներին. Ո՞ւր է ոստիկանությունը
Ամեն երեկո մասնավորապես մայրաքաղաքի ծայրամասերում ապրող քաղաքացիները չեն կարողանում հանգիստ քնել, քանի որ տարածքում գտնվող օբյեկտ-ռեստորաններից բացի այն, որ բարձր երաժշտության ձայնն է լսվում, նաև հրավառություն է կազմակերպվում: Խոսենք օրինակներով. գրեթե ամեն երեկո 3-րդ գյուղի` Սիլիկյան թաղամասի, նաև 15 և 17 թաղամասերի բնակիչները ականատեսն են լինում, թե ինչպես նույն 3-րդ գյուղում գտնվող «Լաթար» հյուրանոցային և ռեստորանային համալիրում քեֆ-ուրախության ավարտին շքեղ հրավառություն է կազմակերպվում` սովորաբար կեսգիշերից հետո, երբեմն նույնիսկ ժամը 01-ի սահմաններում: Հաշվի առնելով այն, որ այդ ժամին քաղաքային աղմուկը արդեն նվազած է լինում, հրավառության «գմփոցները» այնպիսի ուժ են ունենում, որ բակում կանգնած ավտոմեքենաների ազդանշանային համակարգն է միանում, դրան էլ զուգահեռ միանում է շների հաչոցը: (Խեղճերը վախենում են, թե նրանց հետևից շուն հավաքողներն են եկել ու կրակում են, ինչը ևս սովորական երևույթ է երևանյան բակերի համար):
Panorama.am-ի խմբագրություն դիմել էր նաև Ներքին Չարբախի բնակիչ, ով ևս բողոքեց, որ իրենց տարածքում ևս ամեն երեկո քեֆ-ուրախությունը խանգարում է մարդկանց անդորը, ինչին էլ միացավ նաև 4-րդ գյուղի բնակչի բողոքը` նրանց էլ խանգարում են «Արվասար» ռեստորանում ուրախացողների պատվին տրվող հրավառության ձայները…մի խոսքով, ռեստորանային համալիրների թվարկումը կարելի է շարունակել, մայրաքաղաքը հարուստ է դրանցով և միանշանակ պնդել, որ իրավիճակը ամենուր նույնն է:
Մինչդեռ հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին, մասնավորապես ժամը 23.00-ից մինչև առավոտյան ժամը 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը` հրավառություն, առաջացնում է վարչական տուգանք` 100.000 դրամի չափով: Որոշ ժամանակ առաջ` ամանորի տոներին ընդառաջ, ՀՀ Ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն, որով հորդորում էր քաղաքացիներին պահպանել օրենքի պահանջները: Քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասը միայն ամանորին չի վերաբերում, ապաև հորդորում ենք Ոստիկանությանը ուսումնասիրել ներկայացված փաստերը և երևանցիներին հանգիստ քուն վերադարձնել: Ի դեպ, դժվար թե ոստիկանության աշխատակիցները այս ամենի մասին չգիտեն կամ չեն լսում-տեսնում հրավառությունը…. Բայց թե ինչո՞ւ է անտեսվում օրենքը...
Նախորդիվ`
Ոստիկանության կոչը քաղաքացիներին. Խնդիրը քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելը չէ