Հայաստանում հաշվառված է 4332 թմրամոլ… իրական թիվն ավելի մեծ է
Առողջապահության նախարարության Նարկոլոգիական կլինիկայի կողմից Հայաստանում հաշվառված է 4332 թմրամոլ, որից 55-ը կին է, հիմնական տարիքային խումբը` 29-49: Գրանցված է մեկ անչափահաս թմրամոլ: 2011 թվականին անցկացված գիտական հետազոտության արդյունքներով, Հայաստանում կա 12. 700 թմրամոլ, որը «իհարկե, մտահոգող թիվ է»: Այս տվյալներն ասուլիսում ներկայացրեց է ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը:
Նա մանրամասնեց, որ ընդհանրապես, ամբողջ աշխարհում կա երկու վիճակագրություն` հաշվառված և հետազոտության արդյունքով ստացված ցուցանիշ. «Հետազոտությունների տվյալները ցույց են տալիս թմրամոլների իրական թիվը»: Ամբողջ աշխարհում հետազոտությունն իրականացվում է նույն մեթոդաբանությամբ: Հայաստանում վերջին անգամ հետազոտություն իրականացվել է 2011-ին, նախատեսված է նաև այս տարի: Հետազոտությանը, ըստ Պ. Սեմերջյանի, բավականին ծախսատար է, ֆինանսավորվում է դոնորների կողմից, մասնակցում են միջազգային ու տեղական փորձագետներ:
Պ. Սեմերջյանն ասաց, որ Հայաստանում թմրամոլության դեմ տարվում է միջգերատեսչական պայքար, Հանրապետության նախագահի հրամանագրով հստակ հանձնարարականներ են տրվել պայքարում ընդգրկված բոլոր գերատեսչություններին: Առողջապահության նախարարությունն իրականացնում է կանխարգելող քաղաքականության, թմրամոլ դարձած մարդկանց բժշկական օգնության ու ծառայություններ է ցուցաբերում, հնարավորության սահմաններում վերացնում կամ նվազեցնում են առողջությանը հասցված վնասները: Ամեն հիվանդի բուժման համար պետությունը տրամադրում մեկ օրվա համար 6000 դրամ: Այսօր Նարկոլոգիական կլինիկայում բուժվում է 54 հոգի: Ըստ նրա, կախվածություն ունեցող բոլոր մարդիկ էլ բուժվում են, բայց հետո կրկին կարող են վերսկսել օգտագործել:
Մասնագետի խոսքով, Հայաստանում հիմնականում օգտագործում են կանեփանման ու ափիոնանման թմրամիջոցներ:
Ի՞նչ պատճառով է մարդ դառնում թմրամոլ հարցին ի պատասխան, ԱՆ գլխավոր նարկոլոգն ասաց, որ նախ սխալ, թյուր տեղեկացվածությունը, թե հաճույք է պատճառում, նաև բակի, հասարակության ազդեցությունը:
ՄԱԿ-ը 1987 թվականից կարևորելով թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարը, հասարակության ուշադրությունը խնդրի վրա գրավելու համար հունիսի 26-ը հռչակել է թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր` կոչ անելով ՄԱԿ-ի ընդունած երեք հիմնարար կոնվենցիաների ներքո պայքար ծավալել այդ երևույթի դեմ:
Պ. Սեմերջյանի խոսքով, ամբողջ աշխարհում միայն Շվեդիան է կարողացել կանխել թմրամոլության աճը: Հայաստանում նախորդ տարի գրանցվել է 3850 թմրամոլ: Հարևան երկրների համեմատությամբ Հայաստանում վիճակն ամենալավն է: Ամենաշատ թմրամոլներ ունեցող երկիրը Պարսկաստանն է` 3,5 միլիոն: