Ինչպե՞ս խնամել մաշկը ամռանը. Խորհուրդներ է տալիս Կոսմետոլոգը
Շոգից ու արևից մաշը սկսում է չորանալ, ջրազրկվել: Կոսմետոլոգիական կենտրոններ դիմողների թիվը հատկապես ամռան ամիսներին ավելանում է: Առավել հաճախ դիմում են մարդիկ, ովքեր ժամը 12-17-ն ընկած ժամանակահատվածում դրսում են լինում` արևի ճառագայթների ներքո:
«Հիմա մեզ առավել շատ դիմում են հիպերպիգմենտացիայի խնդիրներով, հիմնականում մարդիկ, ովքեր առանց կրեմներ քսելու նշված ժամերին լինում են դրսում: Այդ ժամերին արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն հատկապես ակտիվ են: Իսկ մեզ մոտ արևն ավելի ուժեղ է, ու ավելի մեծ է հիպերպիգմենտացիայի հավանականությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում բացատրեց Երևանյան հայտնի կոսմետոլոգիական կենտրոներց մեկի բժիշկ, մաշկաբան, կոսմետոլոգ Տաթևիկ Մուրադյանը:
Փողոց դուրս գալուց առաջ նա խորհուրդ է տալիս քսել փափկեցնող, արևից պաշտպանող քսուքներ, SPF 30-50` կախված մաշկի տեսակից, եթե իհարկե խնդիրներ չկան, մաշկն էլ շատ զգայուն չէ:
«Գոնե այսքանը: Յուրաքանչյուր մարդ պետք է այս խորհուրդներին հետևի, և այսքանը բավարար կլինի»,-ասաց Տաթևիկը:
Նա դեմ չէ նաև ժողովրդական միջոցների կիրառմանը, օրինակ, երբ մրգեր կամ բանջարեղեն են քսում ու կպցնում դեմքին: «Չի խանգարի, բայց մեծ արդյունավետություն էլ չունի»,-գնահատեց մասնագետը:
Երեխաների դեպքում էլ բժիշկը խորհուրդ է տալիս պաշտպանիչ միջոցների դիմել, բացի քսուկներից կրել լայնեզր գլխարկներ, ակնոցներ: