Ադրբեջանին զենքի վաճառքը պաշտոնական Երևանին ճնշելու միջոց է
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Հայաստան այցելության ժամանակ Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ հայտարարել էր, որ ցանկացած երկիր կարող է օրինականության սահմաններում Ռուսաստանից զենք գնել, և Ադրբեջանին զենքի վաճառքը զուտ կոմերցիոն հարց է:
Այս կապակցությամբ «Голос Армении»-ն գրում է. «Ռուսաստանի զուտ կոմերցիոն դիրքորոշմանը խանգարում են մի քանի նյուանսներ. ակնհայտ է, որ Ռուսաստանը չի կարող շարժվել զուտ կոմերցիոն շահերով` ի հեճուկս սեփական քաղաքական շահերի: Օրինակ` դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը զենք վաճառի Սիրիայի ընդդիմությանը, կամ ասենք` Վրաստանին: Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում Ռուսաստանի քաղաքական շահերը գոնե մասամբ պետք է համընկնեն իր ռազմավարական գործընկեր Հայաստանի շահերին, սակայն, ինչպես երևում է, նման համընկնումներ չկան»:
Ըստ թերթի` ՌԴ-ի պահվածքի տրամաբանությունն այս հարցում շատ պարզ է` Մոսկվան պարզապես ուժեղացնում է Երևանի ռազմական կախվածությունն իրենից: «Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, որպեսզի Երևանը ստիպված լինի նույն Ադրբեջանից պաշտպանվելու հարցում հույսը Մոսկվայի վրա դնել»,-նշում է «ГА»-ն: Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանին զենքի վաճառքը ոչ այլ ինչ է, քան Երևանի վրա քաղաքական ճնշման գործադրում` թերթը գրում է, որ Երևանի առաջ շատ դժվար խնդիր է ծառացած, այն է` ռազմավարական հարցերում հույսը դնել միայն սեփական ուժերի վրա: