Ստամբուլի Գեզի զբոսայգու համար պայքարող ամենատարեց քաղաքացին 100 տարեկան է
Թուրքական «Հյուրրիյեթ» թերթի լրագրող Այշե Արմանը զրուցել է Գեզի զբոսայգու պահպանման համար Էրդողանի կառավարության դեմ պայքար մղողներից ամենատարեցի` 100 տարեկան Մուազզես Իլմիյե Չըղի հետ:
«Ով ինչ կասի, թող ասի, բայց այս կինն աշխարհի ամենահամով տիկինն է: Երբ էլ, որ նրա հետ հարցազրույց եմ անցկացրել, էներգիայով եմ լցվել: Ճիշտ է, փոքր եմ նույնիսկ նրա ապրածի կեսից էլ, բայց դե նա ինձ կենսական էներգիա է տալիս: Իսկը Գեզիի առույգ երիտասարդների պես է»,- առաջաբանում նշում է Այշե Արմանը:
«Ermenihaber.am»-ը ներկայացնում է հատվածներ հարցազրույցից:
- Դուք բոլորել եք 100 տարին: Ո՞րն էր լավ կողմը և ո՞րը` վատը:
- Լավն այն է, որ բավականին շատ բան ես տեսնում, ականատես լինում: Ահռելի մեծ մի ժամանակաշրջան եմ ապրել: Ականատես եմ եղել հանրապետության պատմությանը: Իսկ վատ կողմն էլ այն է, որ միշտ չեն լինում լավ բաներ: Տեսնում ես, թե ինչպես է խորտակվում ամեն ինչ: Օրինակ` ինձ խորապես վշտացնում է վարչապետի` ժողովրդին իրար դեմ հանելու այս պահվածքը: Ես զավակներիս ասում եմ. «Աման, Աստված չանի քաղաքացիական պատերազմ լինի»: Նրանք ասում են. «Մայրիկ դու չափազանցեցնում ես»: Ամեն մեկը հիմա թերևս մի անհանգստություն ունի:
- Վարչապետի ելույթներն ինչպես եք գնահատում:
- Դրանք մտահոգում են ինձ զավակս: Ի°նչ է նշանակում` «նրանք»: Այդ ի՞նչ է, մի հատ «մենք» կա, մի հատ էլ «նրա՞նք»: Շատ տխուր է: Արդյոք վարչապետը նման տարանջատման իրավունք ունի: Հարկավոր է, որ նա ամբողջ ժողովրդի վարչապետը լինի: Մեզ տարանջատել պետք չի, մեզ անհրաժեշտ է միավորել:
- Գեզիի համար պայքարող երիտասարդներին ի՞նչ կասեք:
- Հրաշալի երիտասարդություն: Ես երախտապարտ եմ նրանց: Ձեռքս ճար լինի, ամեն օր նրանց կողքին կլինեմ: Ներկայիս դրությունը փարատող չէ, բայց ես շատ մեծ հույս եմ կապում այդ երիտասարդների հետ: Իհարկե, միայն երիտասարդներով չի, կարևոր դեր ունեն նաև նրանց ծնողները, որոնք ևս ներգրավված են պայքարի մեջ: Ասել է թե` բոլորն են արդեն զզվել: Այդ երիտասարդներն արթնացրեցին ողջ Թուրքիան: Զարմացած եմ վարչապետի վրա, նա մի մեծ շանս բաց թողեց: Եթե մի քիչ փափուկ գործեր, այդ երիտասարդներին կմիավորեր իր շուրջ: Ըստ իս` մեծ սխալ գործեց:
- Վարչապետն ասում է. «Ինչպես կարողանալու եք կախել Թուրքիայի դրոշը, այնպես էլ կարողանալու եք կախել օսմանյանը»: Որպես պատմաբան` ինչպե°ս եք գնահատում նրա ասածը:
-Հիմարություն է ասել: Մենք ունենք մեր դրոշը: Օսմանյանն արդեն վերջացել-գնացել է: Իրենք ջանում են օսմանյանի հետ իրենց կապել: Կարծես թե չեղյալ են համարում հանրապետությունը: Պատմությանը տեր կանգնելն այդպես չի լինում: Իհարկե, ոչ ոք պատմությունը չի ժխտում, բայց դե ի°նչ կապ ունի օսմանյան դրոշը:
Վերջում անդրադառնալով ցուցարարների զանգվածային ձերբակալություններին 100-ամյա թրքուհին կատակել է, որ աղջիկներն իրեն հուսադրում են. «Կտեսնեն, որ 100 տարեկան ես, էլ բանտ չեն տանի»: