Մխիթարյանի համար «Անժին» պատրաստ է վճարել 35 մլն եվրո
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մպիթարյանն առաջարկ է ստացել Մախաչկալայի «Անժիից»:
Ինչպես տեղեկացնում է «Известия»-ն, աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հունիսյան խաղերից հետո մախաչկալյան թիմի ներկայացուցիչները Երևանում ունեցած հանդիպման ժամանակ Մխիթարյանին առաջարկել են համալրել Գուս Հիդինգի թիմի կազմը: Բացի այդ, «Անժին» բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել «Շախտյորի» հետ` ըստ որի ֆուտբոլիստի համաձայնության դեպքում իրենք դոնեցկյան թիմին կվճարեն 35 մլն եվրո: Այնուամենայնիվ, Հենրիխը կոնկրետ պատասխան չի տվել և բազմիցս հայտարարել է, որ երազում է մարզական կարիերան շարունակել եվրոպական որևէ թիմում:
Ինչպես գիտեք, Մխիթարյանը շատ մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն, սակայն հայտնի պատճառներով գործարքը ձգձգվում է: Կիսապաշտպանի ծառայություններով շարունակում է ակտիվորեն հետաքրքրվել նաև Դորտմունդի «Բորուսիան»:
ԽՍՀՄ հավաքականի և Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Լեոնիդ Բուրյակը վստահ է, որ Մխիթարյանը կկարողանա լավ հանդես գալ եվրոպական առաջատար թիմերում:
«Չեմ ուզում զուգահեռականներ անցկացնել Վիլիանի հետ, քանի որ չգիտեմ, թե հիմա ինչ կա Մխիթարյանի գլխում: Եթե նա ցանկանում է գումար աշխատել, դա այլ հարց է, բարձրակարգ ֆուտբոլ խաղալը` բոլորովին այլ: Հենրիխը հիանալի ֆուտբոլիստ է և լավ տղա: Վստահ եմ, նա ճիշտ որոշում կկայացնի:
Այս աշխարհում ոչինչ այլևս չի զարմացնում, ուստի հայ կիսապաշտպանին կարող եմ պատկերացնել նաև «Անժիում»: Այսօր շատ են այն ֆուտբոլիստները, ովքեր լքում են անվանի թիմերը` ֆինանսական բարեկեցության հասնելու նպատակով: Բայց պետք չէ միայն դրա համար դատել մարդուն, քանի որ յուրաքանչյուրն ունի կյանքի վերաբերյալ իր տեսակետը:
Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», ապա այն եվրոպական ուժեղ թիմ է, բայց, ըստ իս, ոչ թոփ ակումբ: Հաշվի առնելով Մխիթարյանի անցկացրած փայլուն մրցաշրջանը, չեմ բացառում, որ նա կարող է տեղափոխվել ավելի բարձրակարգ թիմ»,- նշել է Բուրյակը:
ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն, ֆուտբոլային հայտնի մասնագետ Ալեքսանդր Բուբնովը կարծում է, որ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ում կարիքն այժմ իսկապես ունի «Անժին», սակայն «Լիվերպուլը» պրոֆեսիոնալ աճի համար ավելի հարմար տարբերակ է:
«Իր խաղային որակներով Հենրիխն իսկապես համապատասխանում է «Անժիին», բայց նա ուզում է հանդես գալ «Լիվերպուլում»: Իմ տեղեկությունների համաձայն, Մխիթարյանն իրավիճակի զոհն է դարձել: Գոյություն ունեն ենթակառուցվածներ, որոնցում չեմ զարմանա, եթե լինի «Անժիի» տնօրենների խորհրդի անդամ Գերման Տկաչենկոն: Նրանք ֆուտբոլիստի տրանսֆերով կցանկանան գումար աշխատել: Ուստի չեմ զարմանա, եթե անգլիական ակումբի հետ գործարքը վերջնականապես տապալվի և հայ կիսապաշտպանը տեղափոխվի «Անժի»,- նշեկ է Բուբնովը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում