ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են. «Ի սկզբանե բացառել էինք հարցերի քննարկում, որոնք գտնվում են ՄԽ տիրույթում»
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` նախօրեին ԵԽԽՎ-ում պետք է հանդիպեին Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները: Panorama.am-ի հետ զրույցում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հանդիպումը կայացել է, այն տևել է 1.5 ժամ.
«Մինչ հանդիպումը մեր պատվիրակությունը, դեռ օրեր առաջ, ԵԽԽՎ նախագահ Մինոյնին, ով ևս մասնակցում էր հանդիպմանը, ուղարկել էր օրակարգի այն հարցերը, որոնք մենք տեսնում ենք, որ այդ ֆորմատում հնարավոր է քննարկել ադրբեջանական պատվիրակության հետ: Մենք ի սկզբանե բացառել էինք քննարկել այն հարցերը, որոնք գտնվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթում, այսինքն ի սկզբանե հասկանալի է, որ ԵԽԽՎ այն հարթակը չէ, որտեղ պետք է փորձ արվի լուծել Ղարաբաղյան հակամարտությունը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, հայաստանյան պատվիրակությունն առաջարկել էր քննարկել հարցեր, որոնք հնարավոր և ենթակա են քննարկման ԵԽԽՎ ֆորմատում, մասնավորապես այն հարցերը, որոնք վերաբերում են ատելության, այլատյացության քարոզին, ինչպես նաև վստահության մթնոլորտի ձևավորմանը այն կոնտեքստում, որ եթե հնարավոր լինի գոնե այս հարթակում նվազագույնս լուծել այդ հարցերը, ապա իմաստ կունենա նաև նման հանդիպումները շարունակական դարձնել: Իսկ եթե ոչ, ապա, ըստ Ն.Զոհրաբյանի, շարունակականություն չի լինի:
Հանդիպմանը, սակայն, ձեռք է բերվել պայմանավորվածություն հանդիպման մասին այլ մանրամասներ չհրապարակել ու հավատարիմ մնալով այդ պայմանավորվածությունը մեր զրուցակիցը այլ մանրամասներ չներկայացրեց, միայն նշեց, որ այս պահին իր մոտ տպավորությունն այնպիսին է, որ երկրորդ հանդիպում ևս կլինի` թերևս արդեն ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում.
«Կարծում եմ այդ հանդիպման ժամանակ կողմերն արդեն ավելի առարկայական և կոնկրետ կներկայացնեն քայլեր, թե ինչպես հասնել վերը թվարկածին: Բնականաբար, մեր պատվիրակությունը Երևան վերադառնալուն պես կմշակի իր քայլերը, որոնք կարող է առաջարկել համատեղ օրակարգի ձևավորման համար և տեսնենք ինչ ընթացք կունենա և ինչին կբերեն այս հանդիպումները: Մեկ բան հստակ է, մեզ համար ի սկզբանե ամենակարևոր հարցը նա է, որ հարցեր, որոնք գտնվում են ԵԱՀԿ ՄԽ տիրույթում` բանակցային գործընթացին առնչվող, չպետք է այստեղ քննարկվեն, որովհետև ի սկզբանե ցանկացած քննարկում տանելու է փակուղի»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման նախօրեին ԵԽԽՎ-ում պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նամակ էր հղել վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, որում բարձրացնում էր նույն հարցը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրները չեն կարող ընդգրկել հարցերի այն շրջանակը, որոնք քննարկվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից:
Նախորդիվ` ԵԽԽՎ-ն մերժել է «խավիարակերների» առաջարկը, իսկ Նաիրա Զոհրաբյանը պատասխանել ադրբեջանցի պատգամավորին