Ն.Բորդյուժա. Ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծում գոյություն չունի
«Ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծում գոյություն չունի, կարծում եմ միայն խաղաղ բանակցային գործընթացը կարող է կարգավորել այս բավականին բարդ ու երկարատև հակամարտությունը: Եվ կարգավորման այլ տարբերակներ լինել չեն կարող»,- Ազգային անվտանության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նա ավելացրեց, որ կովկասյան իրողությունները վառ ապացույցն են նրա, որ շատ հեշտ է հրահրել հակամարտություն, ուժի կիրառման մասին որոշում կայացնել, սակայն շատ բարդ է հետո վերադարձնել ամենը խաղաղ ընթացքի. «Ցավոք սրտի, 90-ականներին բոլորս, այդ թվում և ես, դրա ականատեսը եղանք, երբ հետխորհրդային տարածքում հակամարտությունները մարդկային մեծ զոհերի բերեցին: Եվ մենք տեսանք, թե ինչքան բարդ է հետո խաղաղության հաստատումը տարածաշրջանում, այնպես որ կարծում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ ուղղակի մոռացել են այդ ցավալի փորձը և նրանց հարկավոր է հիշել, թե ինչ է եղել 90-ականներին և դրանով սառեցնել կրքերը»,- հայտարարեց նա ու ևս մեկ անգամ կրկնեց` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը միայն խաղաղ ճանապարհով պետք է լինի:
Ն.Բորդյուժան հավաստիացրեց, որ ՀԱՊԿ-ը հետևում է գործընթացին ու տիրապետում իրավիճակին, բայց կարգավորմանը վերաբերող հարցերով զբաղվում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խումբը. «Ես դեմ եմ, որ ով էլ լինի, այդ թվում և ՀԱՊԿ-ը, խառնվի այդ գործընթացին և ինչ-որ նոր գործիքներ ավելացվեն դրանում: Դա կոնտրարդյունավետ է»,- շեշտեց նա: