Թեհրանում 7.5 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում ռեկորդային քանակով զոհեր կլինեն. Իրանցի գիտնականի կանխատեսումը
«20-րդ դարից սկսած մինչ օրս Իրանում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով 125 հազար մարդ է զոհվել, իսկ երկու անգամ ավելի մարդ էլ դարձել է հաշմանդամ»,- այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ տեղեկացրել է իրանցի երկրաշարժագետ Բահրամ Աքաշեն:
«Իրանի քաղաքների 83 տոկոսը երկրաշարժի հավանականության տեսակետից համարվում են վտանգավոր: Մեր երկրի 90 տոկոսն ունի տեկտոնական խախտումներ: Հաշվի առնելով քաղաքների զարգացումն ու բնակչության ավելացումը մենք չենք կարողացել ինչպես որ հարկն է նախապատրաստվել երկրաշարժերին, հուսով եմ, որ ներկայիս մեր ուսանողները կարող են մեզանից ավելի լավ գործունեություն իրականացնել»,-նշել է գիտնականը:
Երկրաշարժագետը, անդրադառնալով մայրաքաղաք Թեհրանի երկրաբանական կառուցվածքին, նշել է. «Եթե Ռեյի և Թեհրանի հյուսիսի տեկտոնական խախտումները սկսեն գործել և 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ լինի, ապա Թեհրանը զոհերի և վիրավորների թվով ռեկորդ կսահմանի, ուստի այդ խնդիրը պետք է լուրջ ուսումնասիրել»:
Նշենք, որ մայրաքաղաք Թեհրանում շուրջ 9 միլիոն մարդ է ապրում, իսկ Թեհրան նահանգի բնակչության թիվը կազմում է 13 միլիոն:
Նախորդող հրապարակում՝
Իրանում վերջին 40 տարվա ընթացքում ամենաուժեղ երկրաշարժն է գրանցվել