Ագիլ Ջամալ. Չինական հագուստները սպառնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը
Ադրբեջանի «Թուրքիստան» թերթի գլխավոր խմբագիր Ագիլ Ջամալը «Modern.az» կայքին հայտնել է, որ Չինաստանից ներկրված հագուստների վրա արված գրությունները սպառնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
«Չինաստանից ներկրված և առևտրային կենտրոններում վաճառվող մի շարք հագուստներ հասարակության մեջ ազգային խտրականություն, անջատողականություն և երիտասարդության մեջ ծայրահեղականություն են առաջացնում: Մենք դիմել ենք Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն և այդ հագուստները հանվեն վաճառքից»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ամառային գլխարկների և շապիկների վրա, որոնք Չինաստանում արտադրվել է հենց Ադրբեջանում վաճառքի հանելու համար, գրված են Ադրբեջանում բնակվող փոքրամասնությունների անունները, ինչպես նաև հասարակության մեջ գործածվող տեղային արտահայտություններ: Ինչպես, օրինակ, «Թափառաշրջիկ», «Երազ», «Որբ», «Թալիշ», «Լեզգի», «Աղքատի որդի», «Բաքվեցի» և այլն:
«Այդ հագուստները հիմնականում գնում են երիտասարդները: Դրանք նաև փոքրամասնությունների կողմից քարոզվում են սոցիալական ցանցերում: Առաջին հայացքից հասարակ թվացող այդ միջոցներն ուղղված են երկրում ազգային խտրականություն, անջատողականություն առաջացնելուն: Հասկանալի չէ, թե հագուստների ներկրման ժամանակ ինչու պատկան մարմինները ուշադրություն չեն դարձրել այդ հանգամանքին»,- նշում է Ագլի Ջամալը: