Դեռ քանի մեքենա է հայտնվելու ասֆալտապատողի թողած փոսի մեջ. Ո՞ւր է վերահսկող մարմինը
Վարորդների համար փորձությունները փաստորեն ասֆալտապատման աշխատանքերի ավարտից հետո չեն վերջանում: Հակառակը` առջևում ավելի լուրջ վտանգեր կան:
Աշտարակի խճուղին միջպետական ճանապարահի (Մ1) մի հատված է: Տրանսպորտի և կապի նախարարությունում այս պահին Panorama.am-ի հարցման հիման վրա փորձում են պարզել, թե որ ընկերությունն է ասֆալտապատել խճուղու` Երևանին հարակից տարածքը: Նախարարությունից դեռ չեն պատասխանել նաև այն հարցին, արդյոք ասֆալտապատման աշխատանքներից հետո նախարարությունը ուսումնասիրել է կատարած աշխատանքների որակը:
Պարզ չէ, ինչ կասեն նախարարությունից, բայց մի բան պարզից էլ պարզ է, ասֆալտապատողը գլուխ է պահել, ինչի հետևանքով վթարներ ու վնասներ են լինում:
Նկարում պատկերված փոսը, որը ասֆալատապոտղ ընկերության ու վերահսկող մարմնի վատ աշխատանքի հետևանք է, երեկ կեսգիշերին լուրջ պատահարի պատճառ է դարձել:
Լուսավորության բացակայության պայմաններում 50-60 կմ/ժ արագությամբ ընթացող BMW մակնիշի մեքենան ընկել է այս փոսը: Հետևանքներն ավելի վատ են եղել, քան կարելի էր պատկերացնել:
Կոտրվել են անվանդողը մեքենային միացնող երկաթյա մասերը, փոսն ընկնելուն զուգահեռ բացվել են վարորդի դռան վրա գտնվող բարձիկները, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածք է ստացել: Լավ է, օրինապաշտ վարորդը ամրագոտին կապած է եղել, հակառակ դեպքում վնասվածքները կարող էին շատ ավելի լուրջ լինել:
Քանի որ մեքենայի մեջ քնած երեխա է եղել, վարորդն արագ քարշակ է կանչել ու ընկերներից մեկին, որ իր մեքենայով երեխային տուն տեղափոխի:
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը համարում է, որ այժմ խնդիրը քաղաքացիաիրավական հարթությունում է գտնվում: Պետք է պարզել ասֆալատապատող ընկերության անունը, նրան ներկայացնել կրած վնասները, եթե ընկերությունը հրաժարվի դրանք վճարել, ապա պետք է դիմել դատարան` վնասի փոխհատուցման հայցով:
«Հենց ասֆալտապատողը գտնվում է, ասում ես, ընկեր ջան, իմ վնասը գնահատվել է էսքան, պետք է վճարես: Եթե հրաժարվում է, դիմում եք դատարան»,-ասաց Հովհաննիսյանը:
ՀԿ նախագահը նման իրավիճակում հայտնված վարորդներին խորհուրդ է տալիս անպայման ճանապարհային ոստիկանություն կանչել, որպեսզի փաստվի վթարի պատճառը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա