Ինչպե՞ս դիմակայել շոգին. Ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը ցերեկային ժամերին քնեն կամ պառկեն
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկ կհասնի +33, հետագա օրերին ավելի շոգ է լինելու: «Հայպետհիդրոմետ» ծառայության տեղեկացմամբ, հետագա օրերին սպասվում է +35-+36 աստիճան տաքություն:
Շոգին դիմակայելու համար մասնագետները խորհորդ են տալիս շատ հեղուկ խմել, հաճախակի լվացվել ու զգույշ սնվել:
Բժիշկներն ընդգծում են. ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառություն:
Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
• խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում,
• հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ,
• օգտագործել սովորականից շատ հեղուկներ /օրական մոտ 3 լիտր/ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել`
• ջուր, որը լրացնում է հեղուկների պակասը, անցկացնում է հոգնածությունը և պայքարում ջրազրկման դեմ
• կաթնամթերք, մասնավորպես թան ու մածուն, դրանք պարունակում են սպիտակուցներ, աղեր և օրգանական թթուներ, որոնց շնորհիվ հրաշալիորեն հագեցնում են ծարավը,
• օգտագործվող հեղուկները պետք է լինեն միջին (գոլ) կամ դրանից մի փոքր ավելի հովացրած` այդպես ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,
• չի կարելի չարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,
• ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
• հաճախակի լվացվել կամ ցնցուղ ընդունել, հետևել ձեռքերի հիգիենային, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ,
• արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
• ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,
• պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
• այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան,
• սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ հոսող ջրով լավ լվանալ, պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում, ընտրել թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,
• խուսափել բացօթյա պայմաններում (մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում) պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքից, լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր օգտագործելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում