«Մեր ունեցած համակարգերը լիարժեք հնարավորություն են տալիս վերահսկելի դարձնել անցուղիները բոլոր բարձրություններում» (Տեսանյութ)
Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգն օրըստօրե կատարելագործվում է: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով մինչ այդ Էրեբունի օդանավակայանի տարածքում հետևում էր ԶՈւ ավիացիայի, ՀՕՊ զորքերի և ՌԷՊ ստորաբաժանանումների զինատեսակների ցուցադրությանը և ցուցադրական թռիչքներին, դրանք նվիրված էին զորատեսակների կազմավորման 21-րդ տարեդարձին:
«Այն միջոցներն ու համակարգերը, որ մենք այսօր ունենք, լիարժեք հնարավորություն են տալիս, որ ոչ միայն ընդհանուր համակարգը վերահսկելի լինի, այլև հակառակորդի բոլոր տեսակի ցածր անցուղիները նաև ցածր բարձրությունների վրա»,-ասաց նախարարը ավելացնելով, որ նույնիսկ ձորերում հակառակորդի ուղիները վերահսկելի են ԶՈՒ ունեցած համակարգերի շնորհիվ:
«Ռադիոէլեկտրային պայքարի մեր միջոցներն այսօր հնարավորություն ունեն կասեցնել, դժվարեցնել, նաև խափանել թե մարտավարական, թե օպերատիվ մարտավարական օղակների բոլոր զորատեսակների, և ընդհանուր հրամանատարական շղթայի հնարավորությունները»,-ասաց նախարարը, ավելացնելով, որ բոլոր զինատեսակները փոխգործունակ են, և համագործակցության աստիճանից է կախված խնդիրների լուծումը` դա կլինի հակառակորդի տարածքում, թե այլ տեղ: