Միխեիլ Սաակաշվիլի. ԵՄ ինտեգրման գործընթացում Հայաստանն ու Մոլդովան շրջանցել են մեզ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերթական անգամ քննադատություն է հնչեցրել երկրի կառավարության հասցեին, մեղադրելով գործադիր երկրի մարմնին ժողովրդավարական զարգացման և ԵՄ ինտեգրման հարցերում հետընթաց արձանագրելու մեջ:
«2004 թ-ից հետո մենք սովոր էինք, որ ԱՄՆ-ի նախագահն ամեն շաբաթ իր ելույթներում հիշատակում էր Վրաստանը, մինչդեռ աշխարհում կա 200-ից ավելի պետություն: Սովոր էինք, որ մեզ հրավիրում էին բոլոր գագաթաժողովներին: Այստեղ եկավ Բուշը, մեզ դիմելով, մինչև երկինք հասցրեց: Կարծում էինք, թե այդ ամենն ինքնին է տեղի ունենում: Դրանով հանդերձ, իհարկե, պետությունը մեծ ջանքերի գնով առաջ էր շարժվում», - ասել է նա ու հավելել, թե այժմյան իրավիճակը բոլորովին այլ է:
«Երեկ այստեղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էր, ով ծայրաստիճան մտահոգություն հայտնեց, սակայն, չգիտես ինչու, թարգմանիչն անընդհատ մեղմում էր թարգմանությունը: Վերջերս ԵՄ-ն հայտարարություն ընդունեց Վրաստանի մասին, մինչ այդ, կես տարի առաջ այդ կառույցն հայտարարում էր, թե ԵՄ գործընկեր երկրների շարքում Վրաստանն առաջատար է, իսկ այժմ փաստում են, որ վերածվել է խնդրահարույց երկրի: ԵՄ ինտեգրման գործընթացում մեզ արդեն շրջանցել են Հայաստանն ու Մոլդովան, իսկ Ուկրաինան ու Վրաստանը՝ համալրել խնդրահարույցների շարքերը, մինչդեռ նախկինում Արևելյան գործընկերության և ոչ մի երկիր անգամ մոտ կանգնած չէր Վրաստանին», - ասել է Սաակաշվիլին: