«Վահե Ավետյան» հասարակական շարժում. Անհրաժեշտ է ստեղծել Հանրային Արդարության Տրիբունալ
Վաղը կլրանա ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության մեկ տարին: Դրա նախօրեին «Վահե Ավետյան» հասարակական շարժումը հանդես է եկել հայտարարությամբ:
«Հունիսի 29-ին կլրանա «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դրա սեփականատեր, հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի (հանրությանը հայտնի է Նեմեց Ռուբո մականվամբ) թիկնազորի կողմից դաժանաբար ծեծի արդյունքում իր մահկանացուն կնքած ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի տարելիցը:
Գործող վարչախմբի ներկայացուցիչները մեկ տարի առաջ կոչ էին անում հանրությանը չշտապել գնահատական տալ ստեղծված իրավիճակին և սպասել արդարադատության համակարգի եզրակացությանը։ Սակայն դատարանի դահլիճում ամբաստանյալների գնալով լկտիացող կեցվածքը, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանի՝ տուժողների նկատմամբ արտահայտած հոխորտանքև վկայում է սպասելի արդյունքի մասին՝ այս գործով մեղադրվողներին ապահովագրել արժանի պատիժ կրելուց»,-ասված է հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության. «Ակնհայտ է, որ սեփական ժողովրդից օտարացած մի ողջ դատա-իրավական համարվող համարվող համակարգ լծվել է Ռուբեն Հայրապետյանի պաշտպանության գործին:
Հասարակության հանդեպ նման լկտի արհամարհանքի հետևանքով վերջերս տեղի ունեցավ նույնպիսի ստոր հանցագործություն, որի արդյունքում ծանր վիրավորվել է Հայոց բանակի մի այլ սպա, իսկ նրա եղբայրը սպանվել է։ Իսկ պատկան դատախազական մարմնի ղեկավարը հանցագործության հաջորդ օրն իսկ, խախտելով բոլոր կանոնները, հայտարարում է, որ մարզպետը հանցագործության վայրում չի եղել, դրանով իսկ ուղղորդելով և կանխորոշելով հետաքննության ելքը»:
Շարժումը ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է համարում հանրային արդարադատության տրիբունալի ստեղծումը:
«Հայաստանի Հանրապետությունում առկա արդարության ճգնաժամի, մասնավորապես՝ իրավապահ և արդարադատության մարմինների ու պաշտոնատար անձանց հանցավոր անգործության, հանցագործությունները դիտավորությամբ և համակարգված կերպով կոծկելու և դրանք կատարող անձանց հովանավորելու պայմաններում Հանրային Արդարության Տրիբունալ ստեղծելու գործընթացի անհրաժեշտության մասին»,-նշված է հայտարարության մեջ:
«Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խումբը, հայտարարում է, որ մեկ տարի ձգվող Վահե Ավետյանի սպանության գործը վառ օրինակ է հանդիսանում և մատնացույց անում ազգակործան ու պետականադրույժ քաղաքականության մասին:
Մեր երկրում ձևավորված անպատժելիության, ամենաթողության ու անհանդուրժողական գաղջ մթնոլորտի անանցանելիությունն ստիպում է մեզ համագործակցելով բոլոր շահագրգիռ հասարակական կառույցների հետ՝ մեկնարկել Հանրային Արդարության Տրիբունալ ստեղծելու գործընթացը»: