Իշխանությունն ու ընդդիմությունը հավասարապես պատասխանատու են արտագաղթի համար
Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանում արտագաղթի մեջ մեղավոր է նաև ընդդիմությունը` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասել է, թե ինքը կասկածում է վարչապետի ինտելեկտուալ հնարավորությունների վրա և նշել, որ ընդդիմությունը շատ ուժեղ է, այլապես իրենց չէին հետապնդի Մարտի 1-ին:
Այս կապակցությամբ «Голос Армении»-ն գրում է. «Իրականում, Զուրաբյանի այն պնդումը, թե ընդդիմությունն այսօր Հայաստանում ուժեղ է, կասկածներ է առաջացնում հենց վերջինիս ինտելեկտուալ հնարավորությունների մեջ: Մարտի 1-ի դեպքերում ՀԱԿ-ի վերնախավը հավասարապես մեղավոր է, քանի որ իրենք ամեն ինչ արեցին իրադարձությունների դրամատիկ հանգուցալուծման համար, ավելին` մահակների և կրակոցների տակ ընկան շարքային մարդիկ, իսկ ՀԱԿ-ի վերնախավը որևէ վտանգի չենթարկվեց: Այսքանից հետո բնական էր, որ մարդիկ պետք է հուսախաբ լինեին ընդդիմադիր այդ ուժից»:
Թերթը նշում է, որ ՀԱԿ-ի վարկանիշի իրական անկման ցուցանիշներից է խորհրդարանական ընտրություններին նրանց հավաքած ձայների չնչին տոկոսները: «Երկրում արտագաղթի առկայության համար հավասար պատասխանատվություն են կրում թե´ իշխանությունը, թե` ընդդիմությունը, որը հույս է ներշնչում, ոտքի է հանում մարդկանց, ապա լքում»,-գրում է «ГА»-ն: