Կենտրոնի բնակչին մտահոգում է թիվ 1 մանկապարտեզի ճակատագիրը. Թող պարզի՝ փակվելուց առաջ ով նշանակվեց տնօրեն
«Փակվելուց մեկ տարի առաջ գումար հավաքեցին ծնողներից, պատուհանները փոխեցին, վերանորոգեցին, մի օր հայտարարեցին, թե մեկ ամսով փակում են, հետո բացելու են»,-խոսելով արդեն երեք տարի մանուկների առաջ դռները փակած թիվ 1 մանկապարտեզի մասին ասաց Կենտրոնի բնակիչ, մանկապարտեզի նախկին սաներից մեկի տատիկը:
Ս. Թորոսյանը պատմում է, որ իր թոռնիկն այդպես էլ մանկապարտեզ հաճախելու երջանկությունը չունեցավ
«Դռները փակ, վերանորոգված, կահավորված, պտղատու ծառերով այս մանկապարտեզային հսկայական տարածքը հո ձեռքից բաց չէին թողնի...Միայն պահակն է գնում, գալիս, բացում դարպասները, շրջագայում»:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի թիվ 1 մանկապարտեզի խնդրով նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բանն այն է, որ համաձայն այդ ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանի 23.09.2011թ. 01/12-33138 նամակի՝ ուղղված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ա.Բախշյանին, մանկապարտեզը 2010 թվականին փակվել է վերանորոգվելու նպատակով, որովհետև շենքը վթարային է եղել:
«Այստեղ վտանգավորն այն է, որ մութ գործարքների հետևանքով կարող է ընդհանրապես չվերականգնվել մանկապարտեզը՝ շրջանցելով ՀՀ օրենքները՝ չնայած 2011 թվականին գործող քաղաքապետի հավաստիացումներին»,-ասված է նամակում:
Panorama.am-ին Ա. Բախշյանը հայտնեց, որ քաղաքապետից որևէ պատասխան չի ստացել, թեև օրենքով պատասխանելու համար սահմանված 3 շաբաթյա ժամկետը դեռ չի լրացել:
Կենտրոնի բնակիչ մեր զրուցակիցն ասում է, ինքը համոզված է, որ ոչինչ էլ դուրս չի գա:
«Տիկին Բախշյանը եթե չգիտե պատճառը, թող պարզի՝ փակվելուց առաջ նախկին քաղաքապետերից ում եղբոր կինը նշանակվեց տնօրեն... Եթե դուք էլ պետք է, մութ գործարքներ ու չգիտեմ էլ ինչ խուճուճ բառերով հարցից խուսափեք՝ էլ ինչու եք հանդգնում առնչվել մի հարցի, որը ձեր լուծելիքը չէ, և ընդհանրապես լուծելի չէ, ինչպես բազում-բազում հարցեր»,-մտահոգություն է հայտնում տիկինը, Panorama.am-ի ֆեյսբուքյան էջում` արձագանքելով Բախշյանի` Տարոն Մարգարյանին ուղղված նամակի վերաբերյալ հրապարակմանը:
Նախորդող հրապարակում`
Դեռ ինչքան ժամանակ մանկապարտեզի մեկ խմբում պետք է լինի 35-40 երեխա. Քաղաքապետարանի հստակ պատասխան չկա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները