Համբույր հասարակական վայրում. Պետք չէ այգիները դարձնել «կուպեներ»
«Շատ անգամ ես ամաչելով եմ անցնում այգիներով, երբ այնտեղ գտնվող զույգերը համբուրվում են, կարծես համբուրվողն ես եմ, ոչ թե նրանք», - Երևանի այգիներում և հասարակական այլ վայրերում ցերեկվա ժամերին գրկախառնված կամ համբուրվող զույգերի մասին իր կարծիքը հայտնեց 31-ամյա Աննա Հովակիմյանը: Նրա խոսքով` մարդու անձնական կյանքը պետք է մնա փակ, ոչ թե դառնա հրապարակային, և եթե մեկի համար դա հաճելի է, մյուսի համար կարող է տհաճ լինել: «Ես պարբերաբար երեխաների հետ անցնում եմ այգով և չգիտեմ ինչպես երեխաներիս ուշադրությունը շեղեմ: Եթե սահմանափակումներ են դրվում հեռուստաեթերում, ապա պետք է նաև այդ հարցի շուրջ ևս ինչ որ քայլեր ձեռնարկել», - ասաց նա:
Հռիփսիմե Ղազարյանի կարծիքով` երիտասարդները պետք է հասկանան, որ բացի իրենցից այգում էլի մարդիկ կան: «Այգիներով կարող են անցնել երեխաներ, տարեցներ, վերջիվերջո` նաև պատահաբար հենց այդ զույգերի բարեկամները: Եթե նրանք չեն ամաչում հրապարակավ համբուրվել, թող դա անեն իրենց տանը, իհարկե, եթե իրենց հարաբերություններն օրինական են», - ասաց նա:
«Կան էթիկայի որոշ կանոններ, որոնք պետք է հարգվեն: Այո, մեր հասարակությունն ավելի ազատ է, քան նախկինում և նույնիսկ մեր հարևանները, բայց պետք չէ այգիները դարձնել «կուպեներ», - ասաց Շուշան Եղիազարյանը:
42-ամյա Վահե Սուքիասյանի կարծիքով` այգիներում և այլ բաց վայերում համբուրվելը սիրո նշան չէ: «Մենք էլ ենք եղել երիտասարդ, բայց նման ձևով հրապարակավ համբուրվելը չի կարող նշանակել լուրջ հարաբերություններ: Սա կարծես ցուցամոլություն լինի: Եթե տղամարդը սիրում է աղջկան, նա երբեք այդպիսի քայլի չի գնա, քանի որ նրա համար իր սիրելի մարդու վարկանիշը կլինի ամենաթանկը», - ասաց նա:
Նրա հետ համամիտ է 38-ամյա Մանուկ Առաքելյանը:
«Համբուրվելը դեռ լուրջ հարաբերություն չի նշանակում, և դա պետք է հասկանա նաև աղջիկը: Իսկ եթե նա հասկանալով է համաձայնվում գնալ այդ քայլի, ապա այստեղ արդեն խոսքերն ավելորդ են», - հավելեց նա:
Իրանից Հայաստան եկած 26-ամյա Պետրոս Դերդերյանը ևս կողմնակից չէ զգացմունքների նման արտահայտմանը: «Միգուցե այն երկրում, որտեղից ես եկել եմ մահմեդական բարքեր են, բայց կնոջ հանդեպ կա հարգանք, կա նաև հարգանք հասարակության նկատմամբ: Իրանում, մահմեդական որևէ երկրում հասարակությունը, ոչ թե կրոնն է արգելում նման պահելաձև: Այստեղ չեք տեսնի համբուրվող զույգեր, նույնիսկ չի կարելի թեթևակի գրկախառնվել: Սա առաջին հերթին անարգանք է շրջապատող մարդկանց նկատմամբ», - ասաց նա:
21-ամյա Գոռ Մինասյանը գտնում է, որ այգիներում զույգերի համբուրվելու մեջ ոչ մի անբարոյական բան չկա: «Մարդիկ սիրում են իրար: Բա ի՞նչ անեն: Մենք ապրում ենք ազատ երկրում, եվրոպական ազգ ենք, և ինչու դա պետք է արգելվի: Ով ավելի շատ բարձրաձայնում է այդ մասին, միգուցե անձնական կյանքում խնդիրներ ունի: Ես դրա մեջ որևէ անբարոյականություն չեմ տեսնում: Յուրաքանչյուր մարդ ազատ քաղաքացի է և կարող է անել ինչ կցանկանա, եթե դա չի արգելում օրենքը», - ասաց նա:
Գոռ Մանուկյանի հետ համակարծիք է 19-ամյա Անժելա Հարությունյանը: Նրա կարծիքով` պետք չէ սահմանափակել երիտասարդների իրավունքները: «Դրանով որևէ անպարկեշտ բան չեն անում: Դա պարզապես համբյուր է: Ճիշտ է, որոշ մարդիկ կարող են դեմ լինել, բայց, ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա», - ասաց նա:
Նույն կարծիքի է Հերմինեն. ««Make love, not war- «Սիրիր, ոչ թե պատերազմիր»: Թող համբուրվեն, համբույրը համ առողջությանն է օգտակար, համ դեպրեսիա հանելու լավագույն միջոց է: Անցել են ժամանակները, որ համբուրվելն ամոթ էր: Իսկ ո՞վ է ասել, որ սիրահարները պետք է գնան մութ բարեր` թաքացնեն սերը և այլն»: