Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. «Այսօրը նաև հաղթական խաղաղությունը պաշտպանելու պատգամ է»
«Հունիսի 29-ը մեզ համար միայն թանկ հիշողությունների և անդառնալի կորուստի ու ցավի հանրագումար չէ: Օրացույցի այս օրը նաև ժողովրդի, պետության ու բանակի միասնության, հայրենի հողի ամեն մի մետրի արժեքը քաջ գիտակցող սերունդներ դաստիարակելու, հայկական բանակն օրեցօր հզորացնելու միջոցով հաղթական խաղաղությունը պաշտպանելու պատգամ է»,-Երևանի Կամերային երաժշտության տան դահլիճում անցկացվող Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշ ցերեկույթում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդամները, անհայտ կորած ազատամարտիկների հարազատները, Արցախյան պատերազմի վետերանները և ՀԿ-ների ներկայացուցիչներն այցելել ենն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ կատարվել է պսակադրության արարողություն, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Սրբազանի մատուցմամբ աղոթքի ծիսակատարություն Արցախյան պատերազմի զոհված և անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված հուշաքարի մոտ:
Նախարարի խոսքով, անհայտ կորածներին մշտապես հիշում են, նրանց հիշտակին նվիրված միջոցառումներ են լինում, նրանց ընտանիքներին սոցիալական արտոնություններ ու նպաստներ են տրամադրվում, սակայն դա նրանց չի կարող մխիթարել:
«Միակ մխիթարանքը կլինի սկսած գործը շարունակող այսօրվա հաղթական զինվորը և Հայաստանի ու Արցախի անառիկ սահմանները»,-ասաց նախարարը:
Ս. Օհանյանի խոսքով, պատերազմից հետո սովորաբար վերաիմաստավորում են անցած ուղին ու գործողությունները, գալիս է ռազմական ուժը կրկնապատկելու ու ամրապնդելու ժամանակը:
«Եվ հաղթողները, և պարտվողները վերլուծում են, դասեր քաղում պատերազմի արդյունքներից, մենք վերլուծել ենք ու դասեր քաղել, դրա համար էլ արդեն 19 տարի ` հայկական սահմաններում արկեր չեն պայթում, բայց վստահ չեմ, որ մեր արևելյան հարևանը իր դասերը քաղել է, այլապես անընդհատ չէր լինի ռազմական հռետորաբանության մեջ, և շփման գծում երբեմն երբեմն չէր դիմի ի սկզբանե անհաջողության մատնված զինված ոտնձգությունների»,-ասաց նախարարը:
Արցախյան ազատամարտում Հայաստանի Հանրապետությունից անհայտ կորել է 400, իսկ ընդհանուր առմամբ, 1000–ից ավել հայ ազատամարտիկ։
Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը նշվում է 2000 թվականից. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հունիսի 29-ը նշել անհայտ կորած ազատամարտիկի օրը: Օրը պատահական ընտրված չէ. Արցախյան պատերազմի ժամանակ հենց այդ օրը առավել մեծ թվով` 76 ազատամարտիկներ անհայտ կորան: