Մշակութաբան. Այժմ նկարիչը վստահություն չունի իր ապագայի նկատմամբ
Հայաստանի ժամանակակից արվեստը, մասնավորապես կերպարվեստը, ինչպես հենց երկրի ներսում, այնպես էլ արտերկրում պրոպագանդելու խնդիր կա: Panorama.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց մշակութաբան Սուսաննա Ղազարյանը: Համեմատություն անելով դեռևս խորհրդային ժամանակների հետ, մշակութաբանը նշեց, որ արվեստագետներին հնարավորություն էր տրվում այցելել այլ երկրներ, շփվել այլ երկրների նկարիչների հետ, պրոպագանդել իրենց ստեղծածը: «Լավ կլինի, որ այդ հնարավորությունը վերականգնվի»,- ընդգծեց Ս. Ղազարյանը:
Ըստ նրա, այս գործում պետք է իր աջակցությունը ցուցաբերի պետությունը: Ընդհանրապես, մշակութաբանի դիտարկմամբ, պետությունը պետք է հատուկ վերաբերմունք դրսևորի նկարիչների նկատմամբ, «մի քիչ ավելի շատ աջակցություն ցուցաբերի»: «Այժմ նկարիչը վստահություն չունի իր ապագայի նկատմամբ: Եթե նախկինում միայն մտածում էին ստեղծագործելու, այլ ոչ վաստակելու մասին, քանի որ պետությունը ապահովում էր նրան, հիմա այդպես չէ»,- ցավով նկատեց մեր զրուցակիցը: Նա կրկնեց, որ պետությունը պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի, որ հետո պատասխան ստանա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե այսօր հայկական կերպարվեստը ո՞ր ուղղությամբ է գնում, մշակութաբանն ասաց, որ նկարիչներն ազատ են, ոչ ոք չի կարող նրանց պարտադրել, իրենց զգացմունքներն ինչպես տեսնում, այնպես էլ փոխանցում են կտավին: Այդ ազատությունն ապահովո՞ւմ է որակ հարցին ի պատասխան, Ս. Ղազարյանն ասաց. «Պետք է շատ լինի, որ մի փոքր որակ դուրս գա»: