Աբովյանի հայտնի գործարարի մահվան գործով մեղադրանքը զինդատախազությունը չի հաստատել և հետ է ուղարկել նոր քննության
Աբովյանի հայտնի գործարար Մկրտիչ Խաչատրյանի մահվան գործով ՊՆ քննչական ծառայության մեղադրանքը զինվորական դատախազությունը չի հաստատել և գործը հետ է ուղարկել նոր քննության: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Մկրտիչ Խաչատրյանի իրավահաջորդի փաստաբան Սարգիս Խաչատրյանը:
Նա ասաց, որ այդ մասին ինքն իմացել է երեկ, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ հիմքերով է զինդատախազությունը հետ ուղարկել քրեական գործը նոր քննության: Նշենք, որ այս քրեական գործով քննիչ է նշանակվել ՊՆ քննչական ծառայության քննիչ Հովհաննես Փիլիպոսյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը բավական մանրամասն ներկայացրել էր այս պատմությունը և տեղեկացրել, որ ապօրինի փորձագիտական եզրակացության տվյալների հիման վրա երեք մեղադրյալներն ազատ էին արձակվել և նրանց մեղադրանքը մեղմացվել էր ու այդպես էլ ուղարկվել զինվորական դատախազություն հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:
Աբովյանի խոշոր գործարար Մկրտիչ Խաչատրյանը մահացել էր նախորդ տարվա սեպտեմբերի 13-ին: Հանցագործությունը կատարելու համար սկզբում կալանավորվել էր ՊՆ շարքային զինծառայող Ալբերտ Քարհանյանը, սակայն Panorama.am-ի հրապարակումից հետո կալանավորվեցին ևս երկուսը` եղբայրներ Վահրամ և Վարդան Գրիգորյանները:
Միջադեպը տեղի էր ունեցել «ՄԱ-Պլազա» ժամանցային համալիրի դիմաց, երբ մի խումբ երիտասարդներ վիճաբանել էին, Մկրտիչ (Մերուժան) Խաչատրյանը այդ օրը փորձել էր խաղաղեցնել նրանց ու հորդորել էր չկռվել: Սակայն, ինչպես Panorama.am-ին էին պատմել Խաչատրյանի հարազատները, խմբից առանձնացած մի քանի երիտասարդներ մոտեցել են, քաշքշել են գործարարին, ծեծել, գցել գետնին և նորից ոտքերով խփել: Դաժան ծեծի ենթարկված Մկրտիչ Խաչատրյանն այդ օրը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ենթարկվել վիրահատության, բայց դժբախտաբար, սեպտեմբերի 27-ին Խաչատրյանը մահացել էր:
Զինծառայող Ալբերտ Քարհանյանի, ինչպես նաև եղբայրներ` Վարդան և Վահրամ Գրիգորյանների նկատմամբ մեղադրանքը մեղմացվել էր և այն առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը) հատկանիշներով: Քարհանյանի նկատմամբ կա նաև երկրորդ մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի` «անզգուշությամբ մահ պատճառելը» հատկանիշներով:
Նշենք, որ մինչ այդ, նրանց բոլորի նկատմամբ նախկինում առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգքրի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը):
Այս պահին շուրջ 8 ամիս տևած նախաքննությունից հետո մեղադրական եզրակացությունը զինվորական դատախազություն է փոխանցվել՝ այն հաստատելու համար: Փաստաբան Սարգիս Խաչատրյանը նախաքննական մարմնից՝ ՊՆ քննչական ծառայությունից 5 օր ժամանակ է խնդրել՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Սակայն մինչ այդ փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ՊՆ քննչական ծառայությանը՝ կասկածներ հայտնելով հանձնաժողովային փորձաքննության եզրակացության վերաբերյալ և խնդրելով օբյեկտիվ քննությունն ապահովելու համար նշանակել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն և դրա կատարումը հանձնարարել ՀՀ ԳԱ ակադեմիայի Փորձաքննությունների ազգային բյուրոյին:
Կարդացեք նաև`
Ինչու են Աբովյանի հայտնի գործարարի մահվան մեջ մեղադրվողներն ազատ արձակվել. Նոր մանրամասներ
Աբովյանցի հայտնի գործարարի մահվան մեջ 3 մեղադրվողներն ազատ են արձակվել
Աբովյանցի գործարարի մահվան մեջ մեղադրվողների մեղադրանքը մեղմացվել է, և գործն ուղարկվել է զինդատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները