«Չգիտեմ ի՞նչ թևեր են փնտրում, ո՞ւմ թևերը կամ ո՞ւմ ականջներն են փնտրում. չկա նման բան»
Արդյո՞ք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կիսում է այն կարծիքը, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխին սև ամպեր են կուտակվել: Այս հարցը խորհրդարանի խոսնակին ուղղեցին լրագրողները ԱԺ-ում, սակայն Հ.Աբրահամյանը միայն նշեց. «Ես իրավունք չունեմ կարծիքներով ուղղորդվել»:
Այն հարցին էլ, թե արդյո՞ք Ի.Զաքարյանը ճիշտ գնահատականներ է հնչեցրել, ասաց. «Օգտվելով մեր իրավունքից հաշվետվությունը ուղարկել ենք գլխավոր դատախազություն և դատախազությունը կտա իր գնահատականը, մենք էլ որոշում կկայացնենք»:
Հ.Աբրահամյանը հիշեցրեց, որ ՎՊ աղմկահարույց հաշվետվության ներկայացման ժամանակ ԱԺ-ում ներկայացրել է իր տպավորությունը, որը դեռ պետռք է հիմնավորվի: Այդ իսկ պատճառով, շարունակեց ԱԺ խոսնակը, հաշվետվությունն ուղարկվել է գլխավոր դատախազություն, որտեղ այն կքննվի և կտրվի եզրակացություն՝ սա չարաշահում է, մսխում է թե ոչ. «Կրկնում եմ՝ իմ տպավորությունը արտահայտվում է իմ ելույթում, որում ներկայացված են նաև իմ կողմից արված առաջարկները, որպեսզի արդյունավետ աշխատենք: Իմ կարծիքով, այստեղ մեղավորներ և այլն պետք չէ փնտրել, հարկավոր է այնպես անել, որ պետբյուջեի գումարները ծախսվեն արդյունավետ, սա է մեր խնդիրը»,- շեշտեց Հ.Աբրահամյանը:
Այն դիտարկմանը, թե` հաշվետվության ներկայացմանը հետևած զարգացումներում ընդդիմությունը ներիշխանական խժդժություններ է տեսնում և դարձյալ ապացույց առ այն, որ ՀՀԿ-ում առկա են թևեր՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի, իր՝ Հ.Աբրահամյանի և այլն, ԱԺ նախագահը հերթական անգամ հավաստիացրեց, որ նման թևեր գոյություն չունեն.
«Ես սա ասել եմ բազմաթիվ անգամներ՝ նման թևեր մեր կուսակցությունում, մեր թիմի մեջ գոյություն չունեն: Ուղղակի մարդիկ կան, որ փնտրում են թևեր: Չգիտեմ ի՞նչ թևեր են փնտրում, ո՞ւմ թևերն են փնտրում կամ ո՞ւմ ականջներն են փնտրում. Չկան նման բաներ: Մենք մի թիմ ենք, և, եթե հիշում եք` ես ասել եմ, որ մենք բոլորս ենք պատասխանատո : Եվ ամենակարևորն է` չունենք նման պայմանավորվածություն մեր թիմում, որ պետք է պաշտոն զբաղեցնի ու զբաղվի այդ թալանով»
Նախորդիվ՝
Սերժ Սարգսյանը՝ Իշխան Զաքարյանին. Կարելի՞ է պատկերացնել, որ 900 միլիարդից 700-ը կարելի է ուտել
Հովիկ Աբրահամյան. Նախագահի գնահատականների հետ միշտ համամիտ եմ